Ինչքան հեռու կգնան Պուտինն ու Էրդողանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ մոտ 40 րոպե տևած հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ սկսում են Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթաց:
Որպես դրա վկայություն, Ռուսաստանն անմիջապես հանել է Թուրքիայում հանգստանալու արգելքներն ու սահմանափակումները, նաև Թուրքիայի հետ առևտրի սահմանափակումները:
Սակայն սրանք, իհարկե, ռուս-թուրքական հարաբերությունների իլյուստրացիան են, քանի որ դրանք անկասկած ծածկելու են այն քաղաքական բաղադրիչները, որոնք զարգանալու են հարաբերությունների նորմալացում կոչվող գործընթացի ներքո: Եվ այս տեսանկյունից մեզ՝ հայաստանցիներիս համար առանցքային հարցերից մեկը, իհարկե, հանդիսանում է այն, թե այս անգամ որքան հեռուն են պատրաստվում գնալ Պուտինն ու Էրդողանը: Երբ նախորդ տարի աշնանը խփվեց ռուսական ռազմական օդանավը, Պուտինը հայտարարեց, որ դա հարված է մեջքից, ինչպես նաև ասաց, որ պատրաստվում էին Թուրքիայի համար զգայուն հարցերում գնալ շատ հեռուն:
Թե որն է Թուրքիայի համար զգայուն հարցը, դժվար չէ գուշակել: Ավելի շուտ, զգայուն հարցերն, իհարկե, շատ են, սակայն գրեթե կասկածից վեր է, որ Պուտինը նկատի ուներ հայկական հարցը՝ այն պարզ պատճառով, որ հենց այս հարցում է Ռուսաստանն ունակ Թուրքիայի հետ հեռուն գնալ: Անկարայի համար այլ զգայուն հարցեր չկան, որտեղ Ռուսաստանի հետ հնարավոր է գնալ շատ հեռուն: Գնալու տեղ ունեն, ճանապարհներ ունեն, սակայն շատ հեռուն գնալու հնարավորություն ունեն միայն հայկական հարցում՝ նկատի ունենալով մի շարք հանգամանքներ:
Դրանցից առաջինն, իհարկե, Հայաստանի վրա ռուսական ազդեցությունն է, մյուսը՝ հենց Ռուսաստանի հետ է Թուրքիան մեկ դար առաջ պայմանագրերով համաձայնեցրել իր համար զգայուն հարցեր, որոնք ըստ էության այսօր նաև այլ հարցերի են առնչվում: Օրինակ՝ Թուրքիայի համար զգայուն նույն քրդական հարցը էապես առնչվում է ռուս-թուրքական պայմանագրերին, այն պարզ պատճառով, որ այդ պայմանագրերով Ռուսաստանն ու Թուրքիան կարգավորում են նաև տարածքային հարաբերություններ: Իսկ դրանք այն տարածքներն են, որոնց վրա այսօր ծավալվում է քրդական հարցի մի կարևոր մասը՝ պատմական Հայաստանի տարածքները, որոնք այսօր գերազանցապես քրդաբնակ են, և որտեղ, այսպես ասած, դիրքավորվում է նաև Քրդական աշխատավորական կուսակցության արմատական սեգմենտը:
Այսպիսով, ակնհայտ է, որ «հեռուն գնալ» Անկարան ու Մոսկվան կարող են հայկական հարցում, կամ ձևակերպենք հետևյալ կերպ՝ Անկարան ու Մոսկվան որևէ այլ հարցում չեն կարող հեռուն գնալ՝ չդիպչելով հայկական հարցին, չներառելով հայկական հարցը: Իսկ հայկական հարց ասվածն, իհարկե, միայն հայերի Ցեղասպանության հարցը չէ, միայն Հայ դատի հարցը չէ: Հայկական հարցը դա նաև, իսկ այսօր գուցե նույնիսկ առաջին հերթին ղարաբաղյան խնդիրն է: Համենայնդեպս, դա ներկայումս իր առանցքայնությամբ պակաս կարևոր չէ հայկական հարցի փաթեթում, որքան Ցեղասպանության ճանաչման խնդիրը:
Այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան հայերի Ցեղասպանության և ղարաբաղյան խնդիրները դիտարկում են շաղկապված՝ ակնհայտ էր դեռևս 2008 թվականի «ֆուտբոլային դիվանագիտությունից»: Եվ եթե այդ դիվանագիտությունը զարգանար այն սցենարով, ինչով մեկնարկել էր հենց Մոսկվայից՝ 2008 թվականի հունիսին, ուր իր առաջին այցը կատարել էր Մարտի 1-ից հետո նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, որը դրա համար շնորհակալություն էր հայտնել Պուտինին, ապա այսօր ըստ էության մենք ղարաբաղյան խնդրում կունենայինք լիովին այլ իրավիճակ, կամ ավելի շուտ մենք ղարաբաղյան խնդիր չէինք ունենա, իսկ ավելի ճիշտ՝ չէինք ունենա Ղարաբաղ: Բարեբախտաբար, այդ ծրագրերը չէին տեղավորվում Արևմուտքի մտադրությունների և ռազմավարության մեջ, ինչի հետևաքնով ռուս-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունը», որտեղ հայ-թուրքականն ընդամենը ցուցանակ էր, բարեհաջող մղվեց փակուղի և այդպիսով փրկվեց Ղարաբաղը:
Այսպիսով, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը նշանակում է այդ բոլոր վտանգների թարմացում: Դրանք, մեծ հաշվով, չէին էլ վերացել անցնող տարիներին, նույնիսկ «ֆուտբոլային դիվանագիտության» տապալումից հետո, սակայն այսօր, փաստորեն, կանգնած են երկրորդ շնչառություն ստանալու իրականության առաջ, որը հայկական պետականության համար վտանգներով լեցուն իրականություն է:
Հույսը, բնականաբար, կրկին լինելու է այն, որ ռուս-թուրքական հաշտության Հայաստանի համար վտանգավոր դրվագները չեն տեղավորվի Արևմուտքի շահերի մեջ և կարժանանան արևմտյան դիմադրության: Այսինքն՝ հույսը կրկին այն է, որ Արևմուտքը իր շահերը պաշտպանելով, ակամա Հայաստանի և Ղարաբաղի շահերն էլ կպաշտպանի ռուս-թուրքական հաշտությունից, ինչպես «ֆուտբոլային դիվանագիտության» առաջին շնչառության ժամանակ: Կարդարանա՞ն այդ հույսերը և նախորդ փորձի համեմատ՝ քանի՞ տոկոսով: Այսինքն՝ ինչքան հեռուն կգնան Պուտինն ու Էրդողանը հայկական հարցում, և ինչքան հեռու կթողնի նրանց Արևմուտքը:
1in.am
30/6/2016