Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնել
https://parstoday.ir/hy/news/armenia-i242374-Ինչ_են_քննարկել_Փաշինյանն_ու_Ալիևը._ՀՀ_կառավարությունը_մանրամասներ_է_հայտնել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ ՀՀ կառավարությունը հանդիպումից մանրամասներ է հայտնել։
(last modified 2026-02-04T09:11:49+00:00 )
Փետրվար 04, 2026 12:41 Asia/Tehran
  • Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ ՀՀ կառավարությունը հանդիպումից մանրամասներ է հայտնել։

ԱՄԷ–ի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով է մեկնել։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նա մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։

«Կողմերը ողջունել են Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։  Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման,  ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։

<Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով>,-ասված է հաղորդագրության մեջ։