Տեառնընդառաջ. Նախատոնակի արարողության ավարտին վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/news/armenia-i242766-Տեառնընդառաջ._Նախատոնակի_արարողության_ավարտին_վառվում_են_խարույկներ_իբրև_Քրիստոսի_լույսի_խորհրդանիշ
Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն: Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
(last modified 2026-02-13T08:03:56+00:00 )
Փետրվար 13, 2026 11:33 Asia/Tehran
  • Տեառնընդառաջ. Նախատոնակի արարողության ավարտին վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ

Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն: Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան (եկեղեցական օրացույցով օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո)։

Տեարնընդառաջը, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև՝ որպես Տըրնդեզ, Հայ ժողովրդի ամենասիրված տոներից է։    Այն նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին։   Տոնի հիմքում ընկած է Ավետարանական պատմությունն այն մասին, երբ Մարիամն ու Հովսեփը 40-օրական մանուկ Հիսուսին տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու։ Այնտեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմոն Ծերունին, որը, Սուրբ Հոգով առաջնորդված, ճանաչում է Փրկչին և գոչում. «Լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար»։   Այստեղից էլ ծագում է տոնի անունը՝ «Տիրոջն ընդառաջ»։

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը:   Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:   Կրակը քրիստոնեական ընկալմամբ խորհրդանշում է Քրիստոսի լույսն ու ջերմությունը։

Տոնի գլխավոր ուղերձն է լույսի խորհուրդը՝ խավարի ցրումն է Քրիստոսի լույսով։

Խարույկի վրայով թռչել ժողովրդական սովորույթ է, որը եկեղեցին չի մերժում, բայց տալիս է նոր իմաստ. թռչելով կրակի վրայով՝ հավատացյալները ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ միասին հաղթահարելու փորձությունները և թոթափելու անցյալի ծանրությունը։

Այս տարի  Տյառնընդառաջի  Ս․ Պատարագը Մեծ Պահքից առաջ վերջին պատարագն է, որի ընթացքում հավատացյալները կարող են Ս․ Հաղորդություն ստանալ։  Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ   Տեարնընդառաջը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։ Զույգերը, որոնք ամուսնացել են նախորդ տարվա ընթացքում, մասնակցում են պատարագին և ստանում օրհնություն։

«Հայ Առաքելական եկեղեցու կողմից Տեառնընդառաջի տոնակատարությունները, որևէ առնչություն չունեն և չեն էլ կարող ունենալ ծիսական զոհաբերությունների հետ, եկեղեցու խորանից իջեցված ճրագը, հավատացյալի հոգում եղած լուսավոր հավատքի արտաքին դրսևորումն է: Ավանդության համաձայն Երուսաղեմի Տաճարի կառուցումից ի վեր արևելյան դուռը երբևէ չէր բացվել և դրա բացվելը կապված պիտի լիներ Աստծո կողմից խոստացված մեսիա-փրկչի գալուստով: Հիսուս մանուկին, երբ Մայր Մարիամն ու Հովսեփը բերեցին Տաճարին ընծայելու, արևելյան դուռը գոչումով բացվեց, և Երուսաղեմի բնակչությունը մթության պատճառով ջահեր վառեց և իրենց առջև լուսավորելով ընդառաջ գնացին Տիրոջը: Եկեղեցու բակում այրվող խարույկն այս խորհուրդ-սիմվոլն է, լուսավորելու մարդկանց ուղին առ Օծյալ փրկիչ. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105):   Կրակի վրայով ցատկելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանիրավի մեղադրողների համար տեսանելի ապացույց, որ հայ քրիստոնյան ոչ թե երկրպագում այլ վրայից ցատկելով ցույց է տալիս իր առավելությունն ու անարգանքը կրակի պաշտամունքի նկատմամբ»: