ԱՄՆ–ն Հայաստանը դիտարկում է որպես փորձադաշտ. Դավթյանը` մոդուլային կայանի մասին
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու ծրագրով ՀՀ-ն դիտարկում է որպես փորձադաշտ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նպատակ ունի Հայաստանում փորձարկել իր փորձարարական տեխնոլոգիաները՝ վերլուծելով դրանց ռիսկերն ու առավելությունները:
Դավթյանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում առ այսօր չկա գործող մոդուլային ատոմակայան, իսկ կառուցվող նախագծերը բազմաթիվ խնդիրներ ունեն կարգավորիչ մարմինների հետ: Առանցքային խնդիրներից է էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքը, ինչպես նաև մոդուլային ռեակտորի ցանցին միացման տեխնիկական հարցերը, որոնց փորձը դեռ չկա:
Փորձագետի գնահատմամբ՝ ամերիկյան կայանի արտադրանքը Հայաստանում կլինի չափազանց թանկ, ինչը խնդիրներ կստեղծի սպառողների և կառավարության համար: Նա չի բացառում, որ 9 միլիարդ դոլար վարկը կարող է ուղղվել ոչ միայն տեխնոլոգիաների ձեռքբերմանը, այլև էլեկտրաէներգիայի բարձր սակագինը սուբսիդավորելուն, ինչն էլ կհանգեցնի ՀՀ արտաքին պարտքի կտրուկ աճի: