Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները հանդիպել են Ժնևում
ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
«Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների։ Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։