RISE Expo- ցուցահանդեսն՝ ՀՀ–ն 155 մմ–անոց արկերի սեփական արտադրություն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է RISE Expo Powered by Silicon Mountains 2026 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդես և ուսումնասիրել ցուցադրված նմուշները։
Հայաստանում արտադրվում է ACE զրահապատ մեքենան, որը դեռևս պետական փորձարկում չի անցել։ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչով են դրանք տարբերվում ֆրանսիական Bastion-ից։
Ցուցահանդեսում Davaro ընկերությունը ներկայացրել է ևս մեկ զրահապատ մեքենա։ Նախագիծը մշակվում է հայ-ֆրանսիական համատեղ ուժերով և համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Վարչապետը նաև ուսումնասիրել է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգեր, տարբեր անօդաչու թռչող սարքեր, արհեստական բանականությամբ հագեցած ռումբերի նմուշներ։ Ըստ արտադրողների` այս նախագծերով հետաքրքրված են Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը։
Ցուցադրվել է նաև «Արսենալ» ընկերության արտադրանքը, որոնց մեջ է նաև 122 մմ հրթիռները` նախատեսված բազմակի հրթիռային համակարգերի համար: Վարչապետը զարմացել է, որ Հայաստանում արդեն սերիական արտադրվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հրետանային արկեր։
«Ես բաց էի թողել այդ պահը, որ անցել է փորձարկումը։ Քանի որ հիմա մեր հրետանու հիմնական հարվածային ուժը 155 մմ է, և շատերն էին ասում` որտեղի՞ց եք գտնելու 155 մմ արկեր, ո՞վ է ձեզ վաճառելու: Նախ` ով չի մեզ վաճառելու, մե՛նք ենք վաճառելու», - ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով` խոշոր մատակարարման պայմանագիր է կնքվել մի ընկերության հետ, որը նաև արտադրում է 122 մմ և 152 մմ արկեր (խորհրդային/ռուսական արտադրության զենքեր):
Փաշինյանը նաև ծանոթացել է գիշերային տեսողության սարքերի, սահմանային հսկողության տեսախցիկների, զրահաբաճկոնների և սաղավարտների արտադրությանը։