Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից՝ անդամավճարների պատճառով. Զախարովա
Հայաստանին կարող են զրկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ անդամավճարները չվճարելու պատճառով, մինչև պարտքերի լրիվ մարումը։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ պետության նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել, եթե այն չի կատարում իր պարտավորությունները, մասնավորապես, եթե այն երկու տարվա ընթացքում պարտք ունի բյուջեի նկատմամբ, այդ թվում՝ այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցում, ինչպես նաև աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից զրկում մինչև պարտքերի լրիվ մարումը», – ասել է Զախարովան։
Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները: