Իրանի Լահիջան և Հայաստանի Սիսիան քաղաքները հռչակվել են քույր քաղաքներ
Իրանի Լահիջան և Հայաստանի Սիսիան քաղաքները փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ դարձել են քույր քաղաքներ՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության և քաղաքային կառավարման ոլորտներում։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը փոխանցում է, որ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի և երկու երկրների մի շարք պաշտոնյաների ներկայությամբ։ Փաստաթուղթը ստորագրել են Լահիջանի քաղաքապետ Ռեզա Զանդեդելը և Սիսիանի քաղաքապետ Հովսեփ Առաքելյանը։
Շիրղոլամին, ընդգծելով համաձայնագրի կարևորությունը, նշել է, որ Լահիջանի և Սիսիանի քույր քաղաքներ դառնալը կարող է նոր հնարավորություն ստեղծել Իրանի և Հայաստանի հարաբերությունների խորացման, ինչպես նաև երկու երկրների քաղաքների միջև կապերի զարգացման համար։
Երկու քաղաքների քաղաքապետերն ընդգծել են քաղաքային կառավարման մարմինների, բնակիչների և տեղական կառույցների միջև կապերի շարունակականության ապահովման, ինչպես նաև մշակութային, զբոսաշրջային և տնտեսական ներուժի օգտագործման կարևորությունը։
Լահիջանի քաղաքապետը, նշելով, որ քաղաքը Հյուսիսային Իրանի կարևոր զբոսաշրջային ուղղություններից է և ունի մեծ ներուժ թեյի, մետաքսի ու արհեստների ոլորտներում, հայտարարել է, որ քույր քաղաքների համաձայնագիրը կարող է նպաստել երկու քաղաքների հնարավորությունների առավել լայն ներկայացմանը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի նպատակներից են քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաև արվեստագետների, գիտական շրջանակների, մտավորականների և տեղական կառույցների միջև համագործակցության ընդլայնումը։
Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև Իրանի և Հայաստանի մշակութային արտադրանքի, արհեստների և հուշանվերների ցուցահանդես։