Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է
Բացվել է Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի մասնակցության գրանցումը։
«Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով համաժողովը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում, Dvin Music Hall-ում։
Միջոցառումն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել մարտի 3-ին, սակայն կազմակերպիչների վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով հետաձգվել էր։ Այժմ, նոր ամսաթվի հաստատումից հետո, մասնակցության գրանցումը բաց է բոլոր ցանկացողների համար։
Freedom Broker Armenia-ի կողմից կազմակերպվող համաժողովը միջազգային գործարար և մասնագիտական հարթակ է, որը մեկ հարկի տակ կհամախմբի ֆինանսական և ներդրումային ոլորտների, պետական կառույցների, բիզնես համայնքի և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների։
«Ներդրումային և ֆինանսական համաժողովը բովանդակային երկխոսության և կապիտալի շուկաների զարգացման երկարաժամկետ տեսլականի ձևավորման հարթակ է։ Մենք այն դիտարկում ենք որպես բաց հարթակ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի կայուն ֆինանսական ապագայով և միջազգային ֆինանսական համակարգում երկրի դերի ամրապնդմամբ»,- նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։ 2026 թվականի համաժողովի առանցքում կլինեն Հայաստանի ներդրումային և ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործնական ուղղությունները, կապիտալի ներգրավման նոր հնարավորությունները, համաշխարհային տնտեսական փոփոխությունների պայմաններում Հայաստանի մրցակցային դիրքերի ամրապնդումը և միջազգային ֆինանսական համակարգում երկրի դերի ընդլայնումը։
Գործարար ծրագիրը կմիավորի լիագումար նիստ և պանելային քննարկումներ՝ նվիրված կապիտալի շուկաների զարգացմանը, ներդրումային գործիքներին, ֆինանսական հաստատությունների դերին, ֆինանսական ոլորտի թվային վերափոխմանը և մարդկային կապիտալի զարգացմանը։
Հայաստանյան և միջազգային փորձագետները կքննարկեն նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման հնարավորությունները, միջազգային կապիտալի ներգրավման մեխանիզմները, տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու երկրի ներուժը և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը։
Համաժողովը շարունակում է 2024 թվականին Երևանում կայացած առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովով մեկնարկած մասնագիտական երկխոսությունը։
Առաջին համաժողովը համախմբել էր ավելի քան 500 մասնակից՝ պետական, ֆինանսական և գործարար ոլորտների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ։
Այսօրվանից հիմնական ծրագրի առցանց գրանցումը հասանելի է համաժողովի պաշտոնական կայքում՝ https://forum.ffin.am/: