Խաղաղությունը կապ ունի բանակում ինքնասպանության այս նոր ալիքի հետ. Փաշինյան
Sputnik. Խաղաղությունը կապ ունի ՀՀ զինված ուժերում ինքնասպանության այս նոր ալիքի հետ։ «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի կամ նախկին անվտանգային տրամաբանությամբ՝ համարվում է մահացու մեղք։
«Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն ինքը մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր՝ քնի, կարող է՝ գան, իրեն սպանեն, վնաս տան»,- ասել է ՀՀ վարչապետը։
Քանի որ հիմա խաղաղություն է, չքնելու մոտիվացիան պակասել է, միաժամանակ, ըստ նրա, դա արդարացում չէ։
«Եթե մենք տեսնենք՝ սովորական կյանքում 100 հազար բնակչին ընկնող ինչքան ինքնասպանություն է տեղի ունենում, և բանակում ինչքան է ինքնասպանություն տեղի ունենում, կտեսնենք, որ բանակում էականորեն ավելի քիչ ինքնասպանություններ են տեղի ունենում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա միաժամանակ նշել է՝ դա չի նշանակում, թե խնդիր չկա, նշանակում է՝ այդ խնդրի մեջ պետք է խորանալ։
Փաշինյանը նաև պնդել է, թե ինքնասպանությունների լուսաբանումը բերում է նոր ինքնասպանությունների։
«Մեր բանակի դեպքում ինքնասպանությունները ոչ թե լուսաբանվում են, այլ ինքնասպանության դեպքը դառնում է համապետական, համազգային քննարկման առարկա։ Հավանականությունը մեծ է, որ էդ քննարկումը բերելու է նոր ինքնասպանության»,- նշել է նա։
ՀՀ վարչապետի խոսքով՝ բանակում տեղի ունեցած ցանկացած դեպք, որի դեպքում կոնկրետ պաշտոնյայի պատասխանատվության մասին եզրահանգում է արվել, կայացվել է նրան պաշտոնանկ անելու համապատասխան որոշում։ Նա հիշեցրել է, որ աշխատանքից ազատվել են ռազմական ոստիկանության պետը, ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը, ըստ Փաշինյանի` եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, ապա 90-ականներից սկսած Հայաստանում պետք է պաշտպանության նախարար չլիներ։