Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i251308-Նիկոլ_Փաշինյանն_ընդունել_է_Ռուսական_երկաթուղիներ_ԲԲԸ_ի_գլխավոր_տնօրենի_պատվիրակությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։
(last modified 2026-10-14T15:08:50+00:00 )
Հոկտեմբեր 14, 2026 18:14 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։

Այս առումով զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։

Մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։