Այսօր Երևանում կկայանա ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանը
Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գոտում առկա իրավիճակը, ինչպես նաև կազմակերպության՝ կոլեկտիվ անվտանգության հետագա կատարելագործման հարցերը:
ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում քննարկվելու է մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության և ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման նախագիծը:
Բացի այդ, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ:
ՀԱԽ-ի նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղարկել է այցը Հայաստան: Ղազախական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ նախագահը մրսածություն ունի և չի կարող մասնակցել ՀԱԽ նիստին: ՀԱԽ նիստին Ղազախստանից կմասնակցի երկրի վարչապետ Բակիջան Սագինտաևը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 8-ին նախատեսված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հավաքը Երևանում չկայացավ, որովհետև միության 5 անդամներից մեկը՝ Ղազախստանը, հրաժարվել էր Երևանում մասնակցել այս նիստին:
Նշենք, որ ՀԱՊԿ կազմի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:
Նախքան այդ, հոկտեմբերի 13-ին Երևանում բացվել էր սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ և ՀԱՊԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Tert.am