ԼՂ-ի ինքնորոշում, 5 շրջանների վերադարձ. Օլանդի առաջարկը Սերժ Սարգսյանին
Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը խոսել է Ֆրանսուա Օլանդի ու Սերժ Սարգսյանի բանակցությունների մասին:
Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հանդիպմանը քննարկվեց նաև արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Այս մասին խոսելիս Մուրադ Փափազյանը նշեց, որ հստակ է Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը՝ Մադրիդյան սկզբունքները պետք է հարգվեն:
«Ինքը ցանկություն է հայտնել, որ հասնենք Արցախի ինքնորոշման հանրաքվեին: Այնուհետև Արցախի շուրջ եղած հինգ տարածքներն Ադրբեջանին հանձնելուն, ոչ թե յոթ, այլ հինգ: Սա Օլանդի ծրագիրն է, նա դա է առաջարկում բանակցող կողմերին, բայց թե դա ընդունելի՞ է, միայն Արցախի ժողովուրդը կարող է որոշել, սա մենք չենք կարող որոշել: Դրա համար ենք մենք պնդում, որ Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մաս կազմեն», ասաց նա:
Մուրադ Փափազյանն անդրադարձավ Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահի՝ Ֆրանսիա այցին: Համաձայնեց, որ պատահական չէ, որ Հայաստանի նախագահի այցից հետո Ադրբեջանի նախագահն է այցելում Փարիզ: «Ադրբեջանի նախագահը նաև Արցախյան հակամարտությանը վերաբերող օրակարգով է գալու Ֆրանսիա: Ֆրանսիան ցանկանում է իր դերը խաղալ, իսկ դրա համար պետք է երկու երկրների ղեկավարների հետ էլ բանակցություններ ունենա, և նույնիսկ պետք է հարգենք Ֆրանսիայի որոշումը», ասաց նա:
«Օլանդն իր նախագահության ժամկետը մայիսին կավարտի: Իր խնդիրն է, որ նաև Արցախյան հակամարտության լուծումը գտնվի», նշեց Մուրադ Փափազյանը:
Նա նաև կարևորեց Ֆրանսուա Օլանդի խոսքը, որ պետք է պատժվի հարձակվող կողմը: «Ինքը կողմ է, որ սահմանին վերահսկողական մեխանիզմները լինեն, որ իմանան, թե ով խախտեց հրադադարի ռեժիմը», ասաց նա:
lragir.am