ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i72307-ՀՀ_Նախագահ_Սերժ_Սարգսյանը_աշխատանքային_այցով_ժամանել_է_Թուրքմենստան
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17¬ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ ներկա գտնվելու երեկոյան մայրաքաղաք Աշգաբատում կայանալիք Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 18:00 Asia/Tehran
  • ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17¬ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ ներկա գտնվելու երեկոյան մայրաքաղաք Աշգաբատում կայանալիք Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը:

Մինչ այդ, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու և Աշգաբատ ժամանելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բարձր մակարդակով կազմակերպված Ասիական խաղերը հաջողությամբ կանցկացվեն և համահունչ կլինեն խաղերի կարգախոսին: Թուրքմենստանի Նախագահը կարևորել է սպորտի և օլիմպիական շարժման դերը միջպետական կապերի ամրապնդման, ժողովուրդների միջև բարեկամության ու փոխըմբռնման հասնելու տեսանկյունից: Նախագահ Բերդիմուհամդովի համոզմամբ, դա կօգնի նաև ՄԱԿ­ին` հաջողությամբ կյանքի կոչելու կայուն զարգացմանը միտված համընդհանուր ռազմավարությունը: Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ­թուրքմենական հարաբերություններին և տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկայի և տրանսպորտի, փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել բարձր մակարդակով Երևանում կայացած վերջին հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Երկկողմ հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը, այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ միասին, կհյուրընկալվի Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատում, որտեղ Թուրքմենստանի Նախագահի կողմից կկազմակերպվի ընդունելություն: Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Աշգաբատի Օլիմպիական մարզադաշտում: Օլիմպիական գաղափարախոսության համաձայն անցկացվող այդ խաղերին մասնակցում են վաթսունհինգ երկրից հինգ հազարից ավելի մարզիկներ, ովքեր իրենց ուժերը չափելու են քսանմեկ մարզաձևերում: Ասիական հինգերորդ խաղերն անցկացվում են «Առողջություն, ներշնչանք, բարեկամություն» խորագրի ներքո:

Armenpress.am