Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Մինչ այդ երկրների վարչապետներն ու Տիգրան Սարգսյանը խմբակային լուսանկարվել են։ Խորհրդի ընդլայնված կազմով նիստը կմեկնարկի ավելի ուշ։ Ընդլայնված նիստի ժամանակ նախատեսվում է երկրների կառավարությունների ղեկավարների ելույթները, իսկ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարությամբ հանդես կգա մամուլի ներկայացուցիչների համար։ «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Կքննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 20182019 թվականներին սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։ Նիստի մասնակիցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։ Օրակարգային թեմաներից է նաև 20182020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագրի քննարկումը։ Կհայտարարվեն նաև ԵԱՏՄ այն երկրները, որտեղ 20182020 թվականներին նախատեսվում է անցկացնել ավանդական «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը։ Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ Կորոշվի նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը։
Armenpress.am