Հայաստան ու Բրազիլիա․ Աշխարհագրական հեռավորությունը այլեւս խոչընդոտ չէ
Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ինտենսիվ համագործակցություն սկսել տնտեսական ու մշակութային ոլորտներում։
Այս մասին հայտարարվել է նոյեմբերի 17-ին Երեւանում Հայաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուշագրավ անվանեց այն, որ Բրազիլիայի ԱԳ նախարար Ալոիզիո Նունես Ֆերեյրայի առաջին այցելությունը համընկել է երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին։ Սա լավ առիթ է գնահատել հարաբերությունները ու քննարկել հետագա ծրագրերը։ Այսօր ծրագրված է Բրազիլիայի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի նախագահի հետ։ «Սա նախարարի առաջին այցելությունն է։ Նա մեր երկրի լավ բարեկամն է, եղել է Սենատի բարեկամական խմբի նախագահը ու Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը»,- նշել է Նալբանդյանը՝ հավելելով, որ նախարարը առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերին։ Այցելության ընթացքում կողմերը նաեւ ստորագրել են առեւտրի ու ներդրումների ոլորտում կառավարությունների միջեւ փոխըմբռնման մասին հռչակագիր։ Բրազիլիայի ու Հայաստանի միջեւ ստորագրվել է ընդամենը 10 փաստաթուղթ, որոնցից 7-ը վերջին տարիներին։
Ալոիզիո Նունես Ֆերեյրան էլ իր հերթին է նշել, որ իր համար մեծ բավականություն է Երեւանում գտնվելը։ «Մեր երկրների միջեւ արդեն 25 տարի է կան դիվանագիտական հարաբերություններ։ Իհարկե մեծ աշխատանք է պետք բազմաթիվ ոլորտներում բացթողումները լրացնելու համար։ Շատ հարցերի շուրջ մենք համակարծիք ենք ու գործում ենք բարեկամական ոգով»,- նշել է նախարարը՝ շեշտելով նաեւ հայկական համայնքի կարեւոր դերը։
Նրա խոսքով՝ այսօր ստորագրված փաստաթուղթը՝ ներդրումների խթանման մասին, նպատակ ունի հնարավորություն տալ բարելավել այս ոլորտում իրավիճակը, ոչ միայն ավելացնել առեւտրաշրջանառության դինամիկությունը, այլեւ նոր ներդրումների հնարավորություն բացել։ «Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ հայերը շատ լավատեղյակ են ու այնպիսի գիտելիքներ ունեն, որոնց կարիքը մենք զգում ենք։ Բրազիլիան տնետսական առումով զարգանում է։ Վերջերս մենք դժվարություններ ունեինք ու տնտեսական անկում, բայց այս տարի ծրագրում ենք 1 տոկոսի տնտեսական աճ։ Կարծում եմ, որ հաջորդ տարի տնետսական աճը կկազմի 3 տոկոս»,- ասել է նախարարը։
News.am