ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացումը և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի վերջին հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i99689-ԼՂ_ի_հակամարտության_կարգավորման_գործընթացի_ակտիվացումը_և_ՀՀ_վարչապետի_պաշտոնակատարի_վերջին_հայտարարությունը
Այս տարվա դեկտեմբերին երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ կարծիքներ են հնչում, թե ընտրություններն այս տարի անցկացնելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անսպասելի որոշումը կարող է ինչ-որ կերպ կապված լինել ԼՂ-ի հիմնախնդրի հետ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 22, 2018 02:43 Asia/Tehran

Այս տարվա դեկտեմբերին երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ կարծիքներ են հնչում, թե ընտրություններն այս տարի անցկացնելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անսպասելի որոշումը կարող է ինչ-որ կերպ կապված լինել ԼՂ-ի հիմնախնդրի հետ:

Նման խոսակցությունների առիթ է ծառայել սեպտեմբերի 28-ին Դուշանբեում անցկացված՝ ԱՊՀ գագաթաժողովը, որից հետո Փաշինյանն առաջին անգամ բարձրաձայնեց ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մտադրությունը: Քանի որ այդ գագաթաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եւ հայտարարվել էր, որ ձեռք են բերվել ինչ-որ պայմանավորվածություններ:

ԼՂ-ի խնդրի կարգավորման մասով վերջին ամիսներին որոշակի ակտիվություն է նկատվում: Առաջին՝ Անկախության օրվա առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը նշել էր, որ «առաջիկա ամիսներին ի հայտ կգան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հնարավորություններ»: Երկրորդ՝ օրերս աշխատանքային այցով Բաքու ժամանած՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գծով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Ջորջ Քենթը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ընդգծել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում վերջին ժամանակներս ձեռք բերված առաջընթացը՝ ներառյալ Նյու Յորքում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները»: Ընդ որում՝ նա հատուկ կարեւորությամբ հիշեցրել է բոլորին, որ «ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման իր պարտավորություններին»:

Ըստ երեւույթին, տվյալ հայտարարություններն ընկալվել էին իբրեւ տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման վկայություն:

Տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման մասին խոսակցություները ձեռք բերեցին էլ ավելի լուրջ իմաստ, երբ հաղորդումներ տարածվեցին, թե ազգային անվտանգության հարցերի գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը մտադիր է հոկտեմբերի 20-ին աշխատանքային այց կատարել Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան երթուղով: Ռուսաստանի մասով այդ այցի իմաստը պարզ է. շարունակել այն երկխոսությունը, որն ամռանը Հելսինկիում սկսել էին Թրամպը եւ Պուտինը: Սակայն Հարավային Կովկասի երկրներ այցի իրական նպատակն առայժմ այնքան էլ հասկանալի չէ: Անվտանգության հետ կապված ինչպիսի՞ հարցերի շարք է մտադիր այստեղ առաջ մղել Բոլտոնը: Դրան զուգահեռ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որ Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին: 

Դա ի տես այն բանի, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն կիրակի օրը լիբանանահայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ի հակամարտության հնարավոր կարգավորմանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նկատելով, որ Հայաստանին փոխզիջումների մասին հարց ուղղելուց առաջ նախ պիտի Ադրբեջանին հարցնել, որ արդյոք պատրաստ է զիջումների համար մերժել է այն տպավորությունը, թե Հայաստանում կարող է լինել կառավարություն, որը թաքուն լուծելու է ԼՂ-ի հարցը:

«Վերջին քսան տարում անընդհատ դա շրջանառվում է: Որևէ իշխանություն, թեկուզ ամենավատ իշխանությունը վատ մտադրություններ ունեցող ինչպե՞ս է թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը: Ես ընդհանրապես առաջարկում եմ, որ մենք հրաժարվենք այդ դիսկուրսից: Մի անգամ ասել եմ և ընդ որում, դա ասում եմ նաև  բանակցությունների ընթացքում, որ եթե կլինի հարցի կարգավորման որևէ տարբերակ, որ ես ինքս  ինձ կկարողանամ համոզել, որ դա լավ տարբերակ է, ես կներկայացնեմ այն մեր ժողովրդին Հայաստանում և սփյուռքում, և ժողովուրդը կորոշի` ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ ոչ»,– ասել է Փաշինյանը` առաջարկելով «դավադրության տեսությունն ընդհանրապես հանել Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստից»։ Նրա խոսքով, ժողովրդի ամենամեծ վստահությունը վայելող իշխանությունն անգամ, եթե փորձի Արցախի հարցը լուծել զարտուղի ճանապարհով, անմիջապես կկորցնի իր վստահությունը։

«Եթե նույնիսկ Հայաստանը և Սփյուռքն ասեն, որ շատ լավ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի, որ վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տարբերակ է: Արցախի ժողովուրդն այդ խնդրի թիվ մեկ սեփականատերն է, և Արցախի ժողովրդի և Արցախի իշխանության կարծիքը վճռական է հարցի կարգավորման տեսակետից»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի տեսակետն առաջին հայացքից տպավորիչ ու սկզբունքային համարվելով հանդերձ խորքում պարունակում է որոշ հակասություններ: Նախ նա պնդելով, որ լիազորված չէ բանակցելու ԼՂ-ի ժողովրդի անունից իր վրա է վերցնում ԼՂ-ի կարգավորման տարբերակը Հայաստանում ու Սփյուռքում քննարկման դնելու պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ անկախ նրանից թե ինչպես կարելի է տեղեկանալ ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար Հայաստանի և հատկապես Սփյուռքի հետակ տեսակետի մասին, նաև պարզ չէ, որ եթե Հայաստանն ու Սփյուռքը հաստատեն ԼՂ-ի կարգավորման որևէ տարբերակ, իսկ ԼՂ-ի ժողովուրդը դա մերժի, ինչ է լինելու ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացի հետագա ճակատագիրը: