ԵԱՏՄ պաշտոնյա. Իրանի հետ համագործակցության հեռանկարները գերազանցում են ազատ առևտրի սահմանները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարն Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի հետ տնտեսական համագործակցության հեռանկարները գերազանցում են ազատ առևտրի համաձայնագիրը, և որ կան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Անդրեյ Սլեպանովն այս մասին ասել է Ղրղզստանի Չուպուն-Աթա քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում, որը տեղի է ունենում անդամ պետությունների վարչապետների և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի մասնակցությամբ։
Անդրադառնալով մայիսին կնքված Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրին, Սլեպանովը նշել է. «Սա ոչ միայն ազատ առևտրի համաձայնագիր է, այլ տնտեսական փոխազդեցությունների որակապես նոր մակարդակի սկիզբ, որը կարող է հանգեցնել համագործակցության ընդլայնմանը հիմնական ոլորտներում և փոխանակումների ծավալի ավելացմանը»։
Հանդիպման ընթացքում Մոհամմադ Աթաբակը և Սլեպանովը քննարկել են համաձայնագրի իրականացման առաջին արդյունքները և ընդգծել երկկողմ համագործակցության խորացման ծրագրերի մշակումը։ Կողմերը նաև հայտարարել են, որ Իրան-ԵԱՏՄ համատեղ կոմիտեի առաջին նիստը կկայանա այս աշնանը։
Պաշտոնյաները նշել են, որ համաձայնագրի իրականացումը նոր հնարավորություններ կընձեռի Թեհրանին և միության անդամներին և կարող է հեշտացնել տարածաշրջանային տնտեսական հարաբերությունների զարգացման ուղին։