ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար. Հզորանալուց բացի այլ ելք չունենք
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գերագույն հրամանատարը, ընդգծելով, որ այլ ճանապարհ չկա, քան ուժեղ և հզոր դառնալը, ասել է. «Մեզ անհրաժեշտ է հզոր բանակ՝ մեր ազգը պաշտպանելու համար, իսկ հզոր բանակը այն բանակն է, որի բոլոր բաղադրիչները պատշաճ կերպով կատարում են իրենց առաքելությունն ու պարտականությունները»։
Չորեքշաբթի օրը, Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի բժշկական գիտությունների համալսարանում Ավեցինայի (բժշկի օր) և Մոհամմադ բեն Զաքարիա Ռազիի (դեղագործի օր) մեծարման օրվա առթիվ կազմակերպված արարողության ժամանակ, գեներալ-մայոր Ամիր Հաթամին հայտարարել է, որ բանակի ուսերին է դրված երկրի անկախության, տարածքային ամբողջականության և համակարգի պաշտպանության մեծ առաքելությունը, հավելելով. «Այս առաքելությունը կարևոր է յուրաքանչյուր երկրում, բայց Իրանում, իր ռազմավարական և աշխարհաքաղաքական դիրքի առումով, այն ավելի կարևոր և բացառիկ է»։