Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն 2025» և «Պատնեշ 2025» համատեղ զորավարժությունները մեկնարկել են Տաջիկստանում։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
«Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխորտակելի եղբայրություն - 2025» զորավարժության և ՀԱՊԿ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ կազմավորման՝ «Պատնեշ-2025» հատուկ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը», - հաղորդել է նա։ Զորավարժություններին մասնակցում են ներկայացուցիչներ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերից։
Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին չի մասնակցում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱԿՊ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։