ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/daily_news-i239404-ՀՀ_ՊԵԿ_նախագահը_հյուրընկալել_է_Իրանի_մաքսային_ծառայության_ղեկավարի_գլխավորած_պատվիրակությանը
Հայաստանի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակությանը։
(last modified 2025-11-18T15:20:21+00:00 )
Նոյեմբեր 18, 2025 18:48 Asia/Tehran
  • ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանն ուղղված երկկողմ համագործակցության հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման համար անհրաժեշտ քայլերին և ձեռք բերվել պայմանավորվածություններ։

Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման նախագիծը՝ օրինապահ տնտեսվարողների համար որպես արտաքին տնտեսական գործունեության առավել բարենպաստ պայմանների ստեղծման հայեցակարգ։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝  ծրագրի ներդրմանն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնելու կապակցությամբ։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման վերաբերյալ հարցին և պայմանավորվածություններ ձեռք բերել այս ուղղությամբ ակտիվ բանակցություններ սկսելու հետ կապված։

ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին նշել է, որ «Նորդուզ»-«Ագարակ» անցակետն Իրանի համար ունի ստրատեգիական կարևոր նշանակություն, որով պայմանավորված՝ ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացներն առավելագույն դյուրացնելու ուղղությամբ։  ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը միաժամանակ նշել է նաև, որ ուղևորներն իրենց մեծ գոհունակությունն են հայտնել սահմանահատումների հետ կապված բարեփոխումների և պարզեցումների կապակցությամբ։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում ներկայում հասել ենք բեռնատարների օրական միջին թողունակության էականորեն բարձր ցուցանիշների, ինչպես նաև փոխադարձ պայմանավորվածությունների կյանքի կոչման արդյունքում զգալի աճ գրանցել նաև ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալներում։

Բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաև առաջիկա տարվա ընթացքում սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։

Հանդիպմանը կողմերը պատրաստակամությունը են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ ընթացիկ բարեփոխումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Նրանք գոհունակություն են հայտնել արձանագրված արդյունքների վերաբերյալ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ՝ օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ երկկողմ արդյունավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Քննարկման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն։