Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին ու Հայաստանին
Ադրբեջանին և Հայաստանին հղած պաշտոնական բողոքի նոտաներում, Իրանի ԱԳ նախարարությունն Իսլամական հանրապետության խիստ բողոքն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Իրանի տարածքում արկեր ու հրթիռներ ընկնելու կապակցությամբ:
Չորեքշաբթի օրը, պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի տարածքներից Իրանի իսլամական հանրապետության տարածքում ընկած արկերի ու հրթիռների հարցով Թեհրանի ձեռնարկած քայլերնի վերաբերյալ հարցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Ադրեջանի և Հայաստանի սահմանապահների հետ հանդիպման ժամանակ, Իրանի սահմանապահների կողմից այդ հարցին հետամուտ լինելուց և կատարված ոտնձգությունների դեմ պաշտոնական բողոք-նամակ ներկայացվելուց բացի, Իրանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա հղելով հակամարտ կողմերին, կառավարության բողոքն է հայտնել երկրի տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անդորրը խախտելու, ինչպես նաև նրանց ֆինանսական վնաս պատճառելու կապակցությամբ»:
Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի անտեսում իր քաղաքացիների անվտանգությունը, Խաթիբզադեն հավելել է.«Թեհրանը Բաքվին ու Երևանին կոչ է արել բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության սկզբունքների հիման վրա, հարգելով Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ձեռնարկել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ նման անընդունելի միջադեպերի կրկնվելը կանխելու համար»:
Վերջին օրերին Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական բախումների հետևանքով, մի քանի արկ ու հրթիռ է ընկել Իրանի սահմանային շրջաններում, ներառյալ մի քանի գյուղերում: Արկերից մեկի ընկնելու հետևանքով, վիրավորվել է հինգ տարեկան երեխա: