Իրանի իսլամական խորհրդարանը դատապարտել է Էրդողանի հայտարարությունը
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի նախագահի պառակտիչ հայտարարությունը:
Կիրակի օրը, Իրանի իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, դատապարտելով Էրդողանի պառակտիչ հայտարարությունը, պատգամավորները նշել են, որ Իրանն ու Ադրբեջանը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը և սահմանային դիրքերում միջամտությունն անտեղի քայլ է համարվում:
Շաբաթ երեկոյան Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ընդգծել է երկու երկրների միջև սերտ և բարեկամական հարաբերությունների առկայությունը և Անկարայի վարած բարիդրացիական քաղաքականությունը:
Չավուշօղլուն նաև հավաստիացրել է, որ Թուրքիայի նախագահը հարգում է Իրանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա հավելել է, որ Էրդողանը տեղյակ չի եղել իր կողմից արտասանված բանաստեղծության նկատմամբ առկա զգայունության մասին, համարելով, որ խոսքը վերաբերում է միայն Լաչինին և Լեռնային Ղարաբաղին, ինչի պատճառով Բաքվում կարդացել է այն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված շքերթի ժամանակ արտասանել էր Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» հայտնի բանաստեղծությունը, որում նա դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», և վերջում ավելացրել էր, որ Արազը շուտով իշխանություն և ուժ կստանա, այսինքն՝ կակտիվանա: