Էրդողանը ժամանել է Ադրբեջան
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցն է իրականացնում։ Հունիսի 12-ի ուշ երեկոյան նա ժամանել է Ադրբեջան, որտեղ նախատեսվում է Էրդողանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։
Էրդողանը Ադրբեջան է ժամանել Հյուսիսային Կիպրոսից, որտեղ այցելել էր դեռ առավոտյան։ Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նշել էր, որ ավանդույթի համաձայն՝ Հյուսիսային Կիպրոսից կմեկնի Ադրբեջան։
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այդ կղզու Հյուսիսային հատված կատարած Էրդողանի այցին, դատապարտելով այս այցը՝ այն որակել է Թուրքիայի կողմից օկուպացիոն և անօրինական գործողություն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ակնհայտ խախտում։
Էրդողանը երկուշաբթի օրը (երեկ) ասել է, որ Կիպրոսի թրքաբնակ հատվածն այն ժամանակ կվերադառնա Կիպրոսի հետ բանակցություններին հնարավոր է, երբ կճանաչվի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։
Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը ճանաչում է Կիպրոսի թուրքական մասը որպես անկախ երկիր՝ 1983 թվականին անկախության հռչակումից ի վեր։
«Ազարթաջ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, պաշտոնական աղբյուրները տեղեկացրել են՝ երեքշաբթի օրը նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո այդ բանակցությունները կշարունակվեն երկու երկրների պատվիրակությունների ներկայությամբ։
Բանակցություններից հետո Էրդողանն ու Ալիևը հանդիպում կունենան մամուլի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Թուրքական աղբյուրների հաղորդման համաձայն, Էրդողանն ու Ալիևը կքննարկեն երկու երկրների միջև հարաբերությունների և երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։