Իրանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Բաշար Ասադի հաղթանակի կապակցությամբ
Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Սիրիայի կառավարությանը և ժողովրդին սիրիական ընտրությունները հաջող անցկացնելու և Բաշար Ասադի հաղթանակի կապակցությամբ:
Ուրբաթ օրը հաղորդագրություն տարածելով, ԻԻՀ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ընտրությունների հաջող անցկացումը և սիրիացի ժողովրդի լայն մասնակցությունը կարևոր քայլ է Սիրիայի խաղաղության, կայունության, վերակառուցման ու բարգավաճման ուղղությամբ:
ԻԻՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Հարգելով Սիրիայի ժողովրդի որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Սիրիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և այդ երկրի ապագան ՝ առանց որևէ արտաքին միջամտության»:
Հինգշաբթի երեկոյան կայացած մամլո ասուլիսում, Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդե Սաբաղը հայտարարել է, որ Բաշար Ասադը ձայների 95.1 տոկոսը շահելով, հաղթել է նախագահական ընտրություններում:
Սիրիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է նախագահական ընտրություններում ժողովրդի 78 տոկոսի մասնակցության մասին:
Սիրիայի նախագահական ընտրությունները կայացել են անցած չորեքշաբթի օրը, ժողովրդի լայն մասնակցությամբ: Ընտրություններին մասնակցել է երեք թեկնածու: