ԻԻՀ ԱԳ նախարար. Տարածաշրջանի կայունությունը չպետք է հայտնվի օտարների ազդեցության տակ
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի կայունությունը չպետք է հայտնվի օտարների ազդեցության տակ:
Օմանի ԱԳ նախարար Բադր ալ Բուսաիդիի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարածաշրջան կատարելիք այցին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Տարածաշրջանի երկրների իշխանությունները չպետք է թույլ տան օտարերկրացիներին ազդել տարածաշրջանային համագործակցության և կայունության վրա։ Մենք ընդգծում ենք տարածաշրջանային երկխոսության և համագործակցության անհրաժեշտությունը, և համոզված ենք, որ տարածաշրջանի ապագան պետք է որոշի տարածաշրջանի ժողովուրդը»։
Ողջունելով Օմանի կառավարության պատվիրակության այցը Թեհրան, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է համագործակցությունը զարգացնելու երկու կողմերի լուրջ վճռականությունը։
Նշելով տարածաշրջանային կարևոր զարգացումներում Օմանի դերը, ԻԻՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել այդ երկրի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության ու համագործակցության հաստատման ուղղությամբ։
Օմանի ԱԳ նախարարը նշել է, որ այդ երկրի կառավարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Իրանի նախագահի՝ Մուսկատ կատարած վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրման ըթնացքին հետևելու նպատակով: