Իրանի ԱԳ նախարարության խոսնակի դիպուկ պատասխանը Բորելին
Արձագանքելով Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելի այն հայտարարությանը, որի համաձայն՝ Եվրոպան այգի է, իսկ մնացած աշխարհը ջունգլի, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Այգի/ջունգլի փոխաբերությունը միանգամայն անընդունելի գաղութային մտածելակերպ է, որն Արևմուտքին ներխուժելու և օկուպացնելու իրավունք է տալիս»:
Քանանի Չաֆին հավելել է. «Այդ դարաշրջանն ավարտվել է, և բազմաբևեռ աշխարհը դռան հետևում է»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Եվրամիությունը կա՛մ պետք է ընդունի փաստերը, կա՛մ կշարունակի անկում ապրել և անհետանալ։
Հինգշաբթի օրը Բելգիայի Բրյուգ քաղաքում Եվրոպական դիվանագիտական ակադեմիայի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ,եվրոպական դիվանագիտության ղեկավար՝ Ժոզեպ Բորելն ասել է.«Եվրոպան այգի է, մենք ստեղծեցինք այս այգին… Ամեն ինչ այստեղ աշխատում է, դա քաղաքական ազատության, տնտեսական հեռանկարի և սոցիալական համախմբվածության լավագույն համադրությունն է։ Մնացած աշխարհն իրականում այգի չէ: Աշխարհի մեծ մասը ջունգլի է, իսկ ջունգլիները կարող են ներխուժել այգի»: