50 երկրի քաղաքացիներ կկարողանան այցելել Իրան առանց մուտքի վիզայի
Իրանի մշակութային ժառանգության և ձեռարվեստի նախարարության զբոսաշրջության հարցերով փոխնախարարը հայտարարել է, որ 50 երկրի քաղաքացիներ կկարողանան այցելել Իրան առանց մուտքի վիզայի:
Ալի Ասղար Շալբաֆյանն ԻՌՆԱ-ին ասել է. «Կառավարությանն առաջարկում ենք 50 երկրի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը: Այդ կապակցությամբ մշակվել է համապարփակ ծրագիր»:
Նա հավելել է. «Ավելի վաղ խմբային այցելությունների համար վիզայի չեղարկման համաձայնագիր էր ստորագրվել Ռուսաստանի հետ, որի գործադրումը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Օրերս, ռուսական կողմի ներկայությամբ, Իրանում ուսումնասիրվել են այս համաձայնագրի տեխնիկական մանրամասները»:
Շալբաֆյանը նշել է. «Իրանի ԱԳՆ-ն Մշակութային ժառանգության նախարարության առաջարկը փոխանցել է ռուսական կողմին, և մենք սպասում ենք ՌԴ կառավարության պատասխանին՝ հարցը վերջնական տեսքի բերելու համար»։
Իրանը գրավում է զբոսաշրջիկներին զարմանալի բնական լանդշաֆտներով, պատմական հուշարձաններով և եզակի թանգարաններով: