Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Charlie Hebdo պարբերականի անարգալից քայլը
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանը դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին անարգելու Charlie Hebdo պարբերականի քայլը:
Փարիզում լույս տեսնող Charlie Hebdo պարբերականը ստոր քայլի դիմելով ծաղրող նկարների միջազգային մրցույթ հայտարարեց և հունվարի 4-ին անարգալից նկարներ ու արտահայտություններ հրապարակեց:
ՖԱՐՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանը Թավրիզում արևելյան Ատրպատականի մշակույթի և իսլամական առաջնորդության հարցերով գլխավոր տնօրեն Սեյեդ Մոհամմադ Հոսեյն Բալաղիի հետ հանդիպման ժամանակ, նշել է.«Խոսքի և քննադատության ազատությունն ունի սկզբունքներ և շրջանակ, որոնք պետք է պահպանել նույնիսկ ընտանիքում ու պետք է հավատարիմ մնալ դրանց: Աշխարհում չպետք է դուրս գալ սկզբունքների այս շրջանակից»:
Սրբազան հայրն ասել է.«Աշխարհում խաղաղությունն ու կայունությունը և Իրանի տարածքային ամբողջականության պահպանումը հայերի սրտի ցանկությունն է»:
Նշելով,որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տարբեր կրոնների հետևորդների միջև տիրող խաղաղությունն ու ջերմությունը պետք է օրինակելի լինի աշխարհի համար, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետության համակարգն ունի արժանավայել մոտեցում տարբեր կրոնների հետևորդների նկատմամբ և Իրանում բոլոր կրոնների հետևորդներն ունեն հավասար իրավունքներ»:
Բալաղին անդրադառնալով պատմության ընթացքում հայերի ու մուսուլմաններին ընկերակցությանն ու սրտակցությանը, ասել է.«Իրանում տարբեր կրոնների հետևորդների միասնությունն ու փոխադարձ սերն օրինակելի է և բոլորը՝ կրոնական, էթնիկ և լեզվական բազմազանությամբ ապրում են Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ներքո։
Արևելյան Ատրպատականի մշակույթի և իսլամական առաջնորդության հարցերով գլխավոր տնօրենը նշելով,որ Աստծու կամքով խաղաղություն ու անվտանգություն կհաստատվի աշխարհում, ասել է.«Աշխարհի վերջում Աստծու արդար ծառաները արդարություն են հաստատելու աշխարհում, և այս հավատքը բոլոր աստվածային կրոնների ընդհանուր կետն է»: