Իսլամական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ղուրանի սրբապղծումը
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները տարածել են հայտարարություն,որում դատապարտել են սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը:
Մի շարք ծայրահեղական խմբավորումներ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց հրկիզել են Սուրբ Ղուրանը։ Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի օրը կայացած դռնբաց նիստում հայտարարել են, որ խոսքի ազատությանն աջակցելու կեղծ պատրվակով արևմտյան պետական պաշտոնյաները թույլ են տալիս ծայրահեղական տարրերին ատելություն տարածել սրբավայրերի նկատմամբ և իրենց հասարակություններում արմատավորել իսլամատյացությունն ու իսլամաֆոբիան:
Պատգամավորների տարածած հայտարարության մեջ ասված է. «Սուրբ Ղուրանը աշխարհի ավելի քան երկու միլիարդ մուսուլմանների հավատքի աղբյուրն է և ինչպե՞ս և իրավական ո՞ր դիրքից ելնելով է որևէ երկիր իրեն թույլ տալիս պղծել աշխարհի մուսուլմանների համոզմունքներն ու սրբությունները»:
Խստորեն դատապարտելով Սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը, որն արվել է Շվեդիայի պաշտոնական թույլտվությամբ, Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները Իսլամական համագործակցության կազմակերպությանը կոչ են արել միջոցներ ձեռնարկել աշխարհի մուսուլմանների սրբությունների դեմ կազմակերպված վիրավորական ու անարգալից քայլերին դիմակայելու համար: