Իրանում գտնվող աշխարհի ամենախոշոր ջրային քարանձավը հյուրընկալել է մեծ թվով զբոսաշրջիկների
Իրանի Համադան նահանգում գտնվող՝ աշխարհի ամենամեծ Ալի Սադր ջրային քարանձավը Նոռուզի տոնական օրերին հյուրընկալել է մեծ թվով ներքին և արտասահմանցի զբոսաշրջիկների։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալի Սադր քարանձավը Իրանի միակ խոնավ ջրային քարանձավն է։ Առաջատար երկրաբանների հետազոտությունների համաձայն՝ այն աշխարհի ամենաեզակի և ամենամեծ ջրային քարանձավներից մեկն է, որի ձևավորումը սկսվել է մոտ 190 միլիոն տարի առաջ։
Քարանձավը հայտնաբերել են մի խումբ իրանցի լեռնագնացներ՝ 1962-63թթ, իսկ 46 տարի անց այստեղ արդեն հնարավոր է դարձել շրջել փոքրիկ նավակներով։ Քարանձավն իր անունը ստացել է մոտակա համանուն գյուղից։ Պատմական փաստաթղթերի ու գտածոների համաձայն՝ այս գյուղի անունը եղել է Ալի Սադ, հետագայում խոսակցական լեզվի մեջ կրելով փոփոխություններ, դարձել է Ալի Սադր։
Քարանձավի ներսում կան բազմաթիվ լճեր, իսկ դրա առաստաղից և պատերից կաթող ստորգետնյա աղբյուրներն ու գունավոր լապտերները կրկնապատկում են քարանձավի գրավչությունը։
Ուսումնասիրությունների և փաստաթղթերի համաձայն՝ Ալի Սադր քարանձավի մուտքը Սեֆևյանների ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ապաստարան, իսկ դրա ջուրը՝ որպես ջրամբար՝ գյուղատնտեսական նպատակներով։