Իրանի նախագահը ցավակցական ուղերձ Է հղել Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը իր ուղերձում ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահին, կառավարությանը և ժողովրդին՝ մերձմոսկովյան Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մեծ թվով անմեղ ռուս քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:
Երեկ երեկոյան Մոսկվայի արվարձաններում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» առևտրային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 115 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել, ինչը դատապարտվել է ողջ աշխարհի կողմից։
Այս կապակցությամբ, ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, ցավակցություն հայտնելով նրան, Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով անմեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ՝ խստորեն դատապարտել է այն, աջակցություն է հայտնել այս երկրի ազգային անվտանգության պահպանմանն ուղղված Ռուսաստանի իշխանությունների ջանքերին, և միջազգային հանրությանը կոչ է արել լուրջ քայլեր ձեռնարկել՝ այս միջադեպի հեղինակներին ու կատարողներին պատժելու համար։
Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ևս ՌԴ Պետդումայի ղեկավարին ուղղված ուղերձում դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդուլլահյանը, դատապարտելով Մոսկվայի արվարձաններում գտնվող առևտրային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը և զորակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, իր ցավակցությունն էր հայտնել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, այդ երկրի կառավարությանը և ժողովրդին և հավելել, որ ահաբեկչության դեմ համատեղ ու արդյունավետ պայքարը պահանջում է միջազգային հանրության լուրջ և ոչ խտրական գործողություններ։