Իրանական գազի արտահանումը Հայաստան մոտ ժամանակներս կկրկնապատկվի. ԻԻՀ դեսպան
Իրանական գազի արտահանումը Հայաստան մոտ ժամանակներս կկրկնապատկվի։ Այս մասին իրանական SNN գործակալությանն ասել է ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի գործողությունը մինչև 2030 թվականը: Ամեն տարի Թեհրանը Հայաստան է արտահանում 360 մլն խմ գազ, իսկ փոխարենը ներկրում էլեկտրաէներգիա։
«Մեզ հաջողվել է նաև գրեթե եզրափակիչ փուլ հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում։ Արդյունքում մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը»,– ասել է դեսպանը:
Սոբհանին նաև նշել է, որ առևտրի ոլորտում հաջողվել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 711 մլն դոլարի. օրական շուրջ 400 բեռնատար է երթևեկում երկու երկրների միջև:
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն Իրանի համար կարևոր շուկա է, քանի որ ԵԱՏՄ անդամ երկիր է:
«Իրանի և Հայաստանի միջև հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն աշխարհագրական և ռազմավարական դիրքի արդյունքում։ Երկրների միջև սահմանը 46 կմ է, ինչը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»,– նշել է Սոբհանին։
«Անցյալ տարի մենք կարողացանք Հայաստանի կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը ՀՀ անկախացումից ի վեր։ Այս պայմանագրով նախատեսվում է Հայաստանի հարավային մասում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի երթուղու վրա գտնվող Ագարակ-Գայրան ճանապարհի կառուցումը։ 212 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագիրը մեծապես նպաստում է Իրանի Իսլամական Հանրապետության տեխնիկական և ինժեներական ծառայությունների Հայաստան արտահանմանը։ Այս ճանապարհն ուղևորության տևողությունը մեկ ժամ 20 րոպեից կրճատում է 20 րոպեի, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից հասնում է 17 մետրի, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության տեսանկյունից։ Հայաստանի տարբեր վայրերում 36 միլիոն դոլար արժողությամբ այլ ավելի փոքր ծրագրեր ունենք», - ասել է դեսպանը: