ԻԻՀ նախագահն ընդգծել է  իսլամական երկրների սիներգիայի ու միասնության անհրաժեշտությունը
(last modified Thu, 03 Oct 2024 12:04:05 GMT )
Հոկտեմբեր 03, 2024 15:34 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահն ընդգծել է  իսլամական երկրների սիներգիայի ու միասնության անհրաժեշտությունը

Սահաբ-Նշելով, որ իսլամական երկրները պետք է միավորվեն, որպեսզի չեզոքացնեն պառակտում սերմանելու թշնամու ջանքերը, ԻԻՀ նախագահը հավելել է, որ Իրանն իսլամական երկրներին համարում է իր եղբայրները։

Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Դոհայում Ասիայի համագործակցության երկխոսության գագաթնաժողովի շրջանակներում Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հանդիպման ժամանակ, Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է ԻԻՀ շահագրգռվածությունը՝ Սաուդյան Արաբիայի հետ բոլոր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու հարցում:

Անդրադառնալով Գազայում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող իրադարձություններին, ԻԻՀ նախագահը նշել է, որ դա իսլամական աշխարհին հուզող կարևորագույն խնդիրներից է։

 Խոսելով ռեժիմի ռազմական և անվտանգության կենտրոնների դեմ ուղղված Իրանի վերջին գործողության մասին, Փեզեշքյանն ասել է․ ««Ազնիվ խոստում 2» գործողությունն օրինական պատասխան էր Սիոնիստական ռեժիմի շարունակվող հանցագործություններին, այն բանից հետո, երբ Իրանին խոստացվել էր Գազայում հրադադար հոստատել»։

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը նաև կարևորել է որպես  իսլամական մեծ երկրներից մեկը համարվող Սաուդյան Արաբիայի դերն ու դիրքը արևմտյան երկրների հետ խորհրդակցելու միջոցով Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները  դադարեցնելու գործում։

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար՝  Ֆեյսալ բին Ֆարհանը Փեզեշքյանի հետ հանդիպմանն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի վճռականությունը։

Անդրադառնալով Գազայում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ստվերում տարածաշրջանի խիստ զգայուն և լարված պայմաններին, ինչպես նաև Իսրայելի ջանքերին՝ ընդլայնելու պատերազմի շրջանակը, նա ասել է․ «Էր Ռիադը վստահ է, որ Իրանն ունի խելամտություն և նրբանկատություն՝ վերահսկելու իրավիճակը, ինչպես նաև դերակատարություն ունենալու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»:

Չորեքշաբթի օրը  Մասուդ Փեզեշքյանը երկօրյա այցով մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի գագաթնաժողովին։ Կատարում ԻԻՀ նախագահին դիմավորել է այդ երկրի էմիր,  շեյխ Թամիմ բեն Համադ Ալ-Թանին։