Փեզեշքյան․ Իրանը ցանկանում է ընդլայնել հարևանների հետ հարաբերությունները
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ընդլայնել հարևանների հետ հարաբերությունները։
Հղում անելով «Թասնիմ» գործակալությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ երեքշաբթի օրը, ԻԻՀ նախկին ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ, Փեզեշքյանն ասել է․ «Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի պաշտոնյաների փոխայցելությունները շարունակվում են, և մենք փորձում ենք վերացնել այս երկու երկրների հետ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին առկա խոչընդոտները»։
Նա նշել է․ «Չինացիները շահագրգռված են ակտիվանալ Իրանի ենթակառուցվածքային ու շինարարական նախագծերում, իսկ Ռուսաստանի կապակցությամբ լրջորեն հետամուտ ենք տարանցիկ ուղիների ու գազի խողովակների նախագծերի ավարտին»։
Անդրադառնալով Հնդկաստանի վարչապետի հետ իր բանակցություններին և նշելով, որ հնդկական կողմը ցանկություն է հայտնել զարագացնել Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի իրականացումը, Փեզեշքյանն ասել է․ «Բացի Հնդկաստանից, Պարսից ծոցի հարավային երկրները նույնպես ցանկանում են ընդլայնել հարաբերությունները և ակտիվացնել Իրանի հետ տարանցիկ ուղիները»։