Մեհրեգան փառատոնը և Ռաբաբ պատրաստելու ու նվագելու հմտությունը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում
ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցանկում Մեհրեգան փառատոնի և Ռաբաբ պատրաստելու նվագելու հմտության գրանցման մասին։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Ռեզա Սալեհի Ամիրին ասել է․ «Պարագվայում կայացած ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 19-րդ նիստում, Մեհրեգան փառատոնը և Ռաբաբ պատրաստելու ու նվագելու հմտությունը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում»։
Նա նշել է, որ Իրանը մինչ այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել է 26 ոչ նյութական մշակութային ժառանգություն, այդ թվում՝ գորգագործությունը, իրանական երաժշտությունը, հեքիաթասացությունը, Նոռրուզը, քամանչա պատրաստելու և նվագելու արվեստը, փահլեվանական կամ զուրխանեի ծեսերը և այլն:
Մեհրեգան փառատոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու դիմումն ուղարկվել է 2020 թվականին։
Այս փառատոնն Իրանի հնագույն արարողություններից և տոնակատարություններից է, որն անցկացվում է աշնան սկզբին։
Այդ օրը մարդիկ հանդիպում են իրար, պատրաստում հատուկ ուտելիքներ ու փոխանակվում նվերներով։
Իրանի որոշ շրջաններում այս տոնակատարության ժամանակ հնչում են երաժշտական կատարումներ:
Պարսկական գրականության մեջ Մեհրեգանի մասին բազմաթիվ հիշատակումներ կան, ինչը ցույց է տալիս այս փառատոնի կարևորությունը հին Իրանի մշակույթի և պատմության մեջ։
Ռաբաբ պատրաստելու և այն նվագելու հմտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու վերաբերյալ նամակում ասվում է․ «Ռաբաբը գեղեցիկ և նշանավոր գործիք է իրանական երաժշտական մշակույթում, որը կարևոր դեր է խաղում Իրանում երաժշտական արվեստի պահպանման և տարածման գործում: Որպես միավորող տարր, այն ամրապնդում է սոցիալական համերաշխությունը և նպաստում մշակութային փոխանակմանը և մեծ հարգանք է վայելում ավանդական երաժշտությամբ զբաղվող իրանցի երաժիշտների շրջանում»: