Իրանը ճնշումների տակ բանակցություններ չի ընդունում
Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում բանակցել ճնշումների տակ, հայտարարել է. «Շարունակելով իր սկզբունքային մոտեցումը՝ Իրանը միշտ աջակցել է տարբեր հարցերի, այդ թվում՝ միջուկային խնդրի համար դիվանագիտական լուծումներ գտնելու տարբերակին»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Իրանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հուշագրին, հայտարարելով. «2025 թվականի փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը ստորագրեց «Ազգային անվտանգության մասին նախագահական հուշագիրը», որով կարգադրեց վերականգնել Իրանի ժողովրդի դեմ «առավելագույն ճնշման» ձախողված քաղաքականությունը»։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հավելում է. «ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ վերականգնում է առավելագույն ճնշման քաղաքականությունը, սակայն առավելագույն ճնշումը երբեք չի կասեցվել, որ այսօր վերկանգնվի։ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը չի չեղարկել նախկինում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներից ոչ մեկը և, իր իսկ խոստովանությամբ, հարյուրավոր պատժամիջոցներ է ավելացրել նախորդներին»։
Իրանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց է տվել, որ առավելագույն ճնշմանը պատասխանել և պատասխանում է առավելագույն դիմադրությամբ և խորապես համոզված է, որ ոչ մի ազգ չպետք է ենթարկվի անարդար ճնշման և անօրինական պատժամիջոցների»։
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ելնելով պատմական «փորձից» և ԱՄՆ կառավարության աշխատաոճի պատմությունից, համարել է, որ այսօրվա պայմաններում ամերիկացիների հետ բանակցելը հակասում է «խոհեմությանը, բանականությանը և արժանապատվությանը»: