Փոխնախարար. Իրանական ձեռարվեստը պետք է ավելի ակտիվ ներկայացվի աշխարհին
Pars Today-Իրանի Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության զբոսաշրջության հարցերով փոխնախարարը հայտարարել է․ «Ձեռագործ աշխատանքները, որոնք Իրանի զբոսաշրջային գրավչություններից են, պետք է ավելի ակտիվ ներկայացվեն աշխարհին»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Թեհրանի Սաադաբադ պալատում ընթացող «Ֆաջր» ձեռագործության փառատոնի շրջանակներում, Անուշիրվան Մոհսենի Բանդփեյն ասել է․ «Հաշվի առնելով Իրանի հարուստ պատմությունը և նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգությունը, բացի բնական գրավչություններից, մեր եզակի ձեռագործ աշխատանքները, որոնք երկրի մշակութային և պատմական ժառանգության մաս են կազմում, կարող են օգնել ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելուն»։
Փոխնախարարը հավելել է․ «Զբոսաշրջության ոլորտում Իտալիայի, Իսպանիայի ու նման երկրների հաջողության գաղտնիքը բնական տեսարժան վայրերի և մշակութային ժառանգության միջև կապ ստեղծելն է: Ուստի Իրանը, որը պատմամշակութային տեսարժան վայրերի առումով ՅՈՒՆԵՍԿՕ-ի լավագույն տասնյակում է, իսկ բնական գրավչությունների առումով լավագույն հնգյակում, կարող է մեծացնել իր մասնաբաժինը համաշխարհային զբոսաշրջային շուկայում»:
Անդրադառնալով տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ զբոսաշրջիկների փոխանակման թեմայով ԻԻՀ նախագահի քննարկումներին, Մոհսենի Բանդփեյը հավելել է․ «Նախագահի կողմից զբոսաշրջիկների ներգրավման հարցի կարևորումը հիմնված է այն ռազմավարական տեսլականի վրա, որ զբոսաշրջիկների ներգրավելը ոչ միայն եկամուտ կապահովի և կնպաստի Իրանի տնտեսական զարգացմանն, այլ երկրին հնարավորություն կտա աշխարհին ներկայանալ իրական գեղեցկությամբ և բազմազանությամբ»։
Փետրվարի 20-ին Թեհրանի Սաադաբադ համալիրում մեկնարկել է «Ֆաջր» ձեռարվեստի միջազգային 9-րդ փառատոնը, որը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը։