Արաղչին հայ պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները և երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, Երևան կատարած այցի շրջանակներում, հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի և ԱԳ նախարարի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն Արաղչին նշել է, որ Իրան-Հայաստան զարգացող հարաբերությունները բխում են երկու ժողովուրդների շահերից և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն երաշխիքն են։ Նա ընդգծել է, որ Իրանը և Հայաստանը պետք է օգտվեն երկու երկրների միջև առկա քաղաքակրթական, մշակութային և պատմական խորը կապերից, ինչպես նաև աշխատեն բոլոր, հատկապես տնտեսության, առևտրի, զբոսաշրջության, տարանցման, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Իրանի միջև համագործակցության և հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ և նշել, որ երկկողմ պատմական հարաբերությունները փոխշահավետ են երկու ժողովուրդների համար և երկու երկրների ղեկավարների միջև առկա փոխվստահության շնորհիվ, այժմ զարգանում են։
Արաղչին հանդիպել է նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Հանդիպմանն Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար։ Ընդգծելով ԻԻՀ սկզբունքային և հետևողական դիրքորոշումը՝ բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, ուժի կիրառումից խուսափելու և վեճերը լուծելու համար դիվանագիտության կիրառման հարցում՝ նա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը համարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ավետաբերը և հույս հայտնել, որ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։
Դրական գնահատելով ԻԻՀ հետ ամենաբարձր մակարդակով շարունակական խորհրդակցությունները, Արմեն Գրիգորյանն ընդգծել է Թեհրանի հետ հարաբերությունները առավել զարգացնելու Հայաստանի կառավարության լուրջ կամքը, հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում, և կոչ է արել բացահայտել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման թաքնված հնարավորությունները։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Արաղչիի հետ հանդիպմանը, անդրադառնալով իրանցիների և հայերի միջև որպես մշտական հարևանների՝ երկարամյա և շատ լավ հարաբերություններին, նշել է, որ Իրանի և Հայաստանի փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների հարգանքի և փոխադարձ շահերի վրա, հավելելով, որ այդ հարաբերություններն անցել են փորձությունների միջով և այժմ ամուր և կայուն են։
ԻԻՀ և ՀՀ ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Արարատ Միրզոյանը հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ և տարածաշրջանային կարևորագույն հարցեր։
Անդրադառնալով Արաղչիի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն ասել է. «Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը, որը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանցքային հատվածներից է։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակն է զարգացնել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև հաղորդակցությունը, և Իրանն իր կարևոր դերն ունի այդ նախագծի ավարտի հարցում։
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական գործոններն ու հարևանությունը, Իրանն ու Հայաստանը դիվանագիտական բանակցություններ են վարում՝ նպատակ ունենալով ընդլայնել հարաբերությունները և փորձել խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Բացի մոտավորապես 35 կիլոմետր ընդհանուր սահման ունենալուց, որը կարելի է համարել Իրանի կապի երթուղին դեպի Եվրասիական և եվրոպական տարածաշրջաններ, երկու երկրները նաև հատուկ դիրք ունեն տրանսպորտային միջանցքների ամրապնդման հարցում։
Հարավային Կովկասի տարածաշրջանն աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի բոլոր հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ելնելով տարածաշրջանի երկրների հետ իր երկկողմ հարաբերություններից և անվտանգության, քաղաքական ու տնտեսական առումով այս ոլորտում իր շահերից, Կովկասի զարգացումների նկատմամբ հստակ մոտեցում ունի և մշտապես ընդգծում է այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության դեմ լինելու իր սկզբունքային դիրքորոշումը։
Իրանը դեմ չէ տնտեսական համագործակցությունն ամրապնդող տրանսպորտային ուղիների ընդլայնմանը և զարգացմանը և դրանք կարևոր է համարում խաղաղության, կայունության և անվտանգության համար: Սակայն Հարավային Կովկասում սահմանների փոփոխման նպատակով նոր տրանսպորտային ուղիների (միջանցքների) ստեղծման առաջարկը, որը սպառնում է տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը, միշտ էլ բախվել է Իրանի լուրջ հակազդեցությանը։