Փեզեշքյան. Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են դառնալ տարածաշրջանային համագործակցության մոդել
(last modified Fri, 18 Apr 2025 05:56:40 GMT )
Ապրիլ 18, 2025 09:26 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են դառնալ տարածաշրջանային համագործակցության մոդել

Pars Today-Ընդգծելով իսլամական աշխարհում միասնության և համախմբվածության ամրապնդման կարևորությունն ԻԻՀ նախագահը կոչ է արել բոլոր ոլորտներում զարգացնել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ համագործակցությունը և օգտագործել համատեղ կարողությունները՝ տարածաշրջանային խնդիրների լուծման համար:

Հղում անելով նախագահի մամուլի գրասենյակին, Pars Today-ը հաղորդում է, որ հինգշաբթի օրը, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բեն Սալման բեն Աբդուլ Ազիզի և նրան ուղեկցող պատվիրակության հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով իսլամական երկրների խորը կրոնական, մշակութային և պատմական ընդհանրություններին, Մասուդ Փեզեշքյանն ասել է. «Իրանի 14-րդ կառավարությունն աշխատանքի առաջին իսկ օրից վարում է իսլամական երկրների միջև եղբայրական կապերի ամրապնդման քաղաքականություն»:

Նշելով, որ իսլամական երկրների միասնությունը կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման համար, Իրանի նախագահը նշել է. «Ցավալի է, որ ընդհանուր ղիբլա, Սուրբ գիրք և կրոն ունեցող ժողովուրդները, օրհնություններով լի երկրներում, ներքաշված են տարաձայնությունների և աղքատության մեջ։ Մուսուլման ժողովուրդն արժանի չէ այս իրավիճակին»։

Ընդգծելով տարաձայնությունները մի կողմ դնելու և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման կարևորությունը, Փեզեշքյանը հավելել է, որ իսլամական երկրների ղեկավարները կարող են միասնաբար դառնալ համակեցության, բարգավաճման և առաջընթացի ոգեշնչող մոդել այլ հասարակությունների համար:

Նա նշել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն իսլամական այլ երկրների հետ:

Խոսելով Գազայի հատվածում պաղեստինցիների ծանր վիճակի մասին, նախագահը հավելել է. «Եթե իսլամական երկրները ընդհանուր լեզու գտնեն ու միավորվեն, Սիոնիստական ռեժիմն այլևս չի կարող մարդասիրական աղետներ ստեղծել, ինչպիսին այսօր տեսնում ենք Գազայում»։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բեն Սալման բեն Աբդուլազիզը նույնպես ընդգծել է իսլամական աշխարհում համախմբվածության և մերձեցման անհրաժեշտությունը՝ ասելով. «Իրանը և Սաուդյան Արաբիան տարածաշրջանի երկու հիմնական սյուներն են, և երկու երկրների միջև ամուր հարաբերությունները կարող են արդյունավետ մոդել լինել իսլամական աշխարհում սերտաճման և սիներգիայի համար»:

Նա հավելել է, որ Գազայի և Պաղեստինի զարգացումների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները համահունչ են, և որ Գազայի հատվածում, Հորդանան գետի արևմտյան ափին, Լիբանանում և Սիրիայում Սիոնիստական ռեժիմի գործողությունները ցույց են տալիս տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրներից օգտվելու ռեժիմի փորձի մասին։