Իրանի «Արաս» ազատ գոտու գործադիր տնօրեն. Հայաստանն Իրանի ռազմավարական գործընկերն է
«Արաս» ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Հադի Մողադամզադեն Հայաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այդ գոտու ռազմավարական դերին՝ որպես Իրանի դարպաս դեպի եվրասիական շուկա։ Նա կոչ է արել ընդլայնել առևտրային, ներդրումային և ցուցահանդեսային համագործակցությունը Հայաստանի հետ։
Անդրադառնալով «Արաս» ազատ գոտու եզակի դիրքին՝ որպես Իրանի միակ ցամաքային սահմանը Հայաստանի և ԵԱՏՄ-ի հետ, Մողադամզադեն այս տարածաշրջանը համարել է Իրանի և ԵԱՏՄ-ի տնտեսական հարաբերությունների զարգացման կատալիզատոր և կամուրջ դեպի միության 200 միլիոն բնակչություն ունեցող շուկա։
Նա հավելել է, որ ազատ գոտին, իր առաջադեմ ենթակառուցվածքներով, խոշոր ջերմոցային համալիրներով և միջազգային տրանսպորտային ցանցով, երկրի ամենաարդյունաբերականացված ազատ գոտին է և ունի հսկայական ներուժ ներդրումների համար տարբեր, այդ թվում՝ զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում։
«Արաս» ազատ գոտու գործադիր տնօրենը հայտնել է Հայաստանում գտնվող Իրանի առևտրի կենտրոնում գոտու համար մշտական տաղավար հիմնելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ այս քայլը կարող է նպաստել ապրանքների ցուցադրմանը և նոր ներդրողների ներգրավմանը։
Նա հավելել է, որ «Արաս» ազատ գոտին պատրաստ է ամրապնդելւ տնտեսական հարաբերությունները հարևան երկրների հետ և դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի հիմնական հանգույցը։