Իրան-Հայաստան համատեղ զորավարժությունների ուղերձը․ Զանգեզուրի միջանցքը Իրանի կարմիր գիծն է
Իրանի և Միացյալ Նահանգների միջև Օմանում անուղղակի բանակցություններին և տարածաշրջանում լարվածության սրմանը զուգահեռ, Իրանն ու Հայաստանը վերջերս համատեղ զորավարժություններ անցկացրեցին Իրանի հյուսիս-արևմուտքում Նորդուզի մոտակայքում գտնվող սահմանային շրջաններում։ Այս զորավարժությունը, որը մշակված էր որպես երկկողմ անվտանգային համագործակցության և տարածաշրջանային կայունության ամրապնդման խորհրդանիշ, փոխանցեց խորը աշխարհաքաղաքական ուղերձներ։
ԻՀՊԿ ցամաքային ուժերի փոխհրամանատար, գեներալ Վալիոլլահ Մադանին ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի ռազմավարական կարևորությունը, և Զանգեզուրի միջանցքի հարցը որակելով որպես մասնավոր հարց՝ ընդգծել է, որ Թեհրանը այս միջանցքի ցանկացած հարկադիր իրականացում համարում է ուղղակի սպառնալիք իր տարածքային ամբողջականության և տարածաշրջանային ազդեցության նկատմամբ։
Զանգեզուրի միջանցքը՝ Իրանի կարմիր գիծը
2020 թվականին Ղարաբաղի պատերզամի հրադադարից ի վեր Իրանը իր մտահոգությունները հայտնել է Զանգեզուրի միջանցքի նախագծի վերաբերյալ՝ իր հյուսիսարևմտյան սահմանին անցկացնելով բազմաթիվ զորավարժություններ, մասնավորապես՝ ի պատասխան ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության և «Երեք եղբայրներ» (Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան) զորավարժությունների։ Այս միջանցքը, որը պետք է ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ կապը Հայաստանի տարածքով, Թեհրանի և Երևանի տեսանկյունից ոչ միայն հասարակ տարանցիկ ուղի է, այլև Բաքվի և նրա դաշնակիցների ավելի լայն տարածքային նկրտումների քողարկում։ Ադրբեջանի պնդումները Հայաստանի Սյունիքի նահանգը «Արևմտյան Զանգեզուր» անվանելու մասին վկայում են, որ այս նախագիծը կարող է հանգեցնել սահմանների փոփոխությանը և Վրաստանի ու Սև ծովի հետ Իրանի կենսական տարանցիկ կապի խզմանը։
Ռուսաստանի մոտեցման փոփոխությունը
Մոսկվայի դիրքորոշման փոփոխությունը Հարավային Կովկասում, հատկապես Պուտինի Բաքու կատարած այցից և դեպի Նախիջևան անսահմանափակ հասանելիության վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքին Լավրովի աջակցությունից հետո, մեծացրել է Իրանի մտահոգությունները։ Թեհրանը, որը Ռուսաստանից չեզոքություն էր սպասում, այժմ միայնակ կանգնած է Հայաստանի կողքին՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի դեմ։ Այս նախագիծը ուղեկցվում է իրավական և աշխարհաքաղաքական մարտահրավերներով։ 2020 թվականի հրադադարի համաձայնագրում Զանգեզուրի մասին որևէ հիշատակում չկա, և նշված միակ միջանցքը Լաչինն էր, որը կորցրեց իր արդիականությունը Ղարաբաղի կորստի հետ մեկտեղ։ Իրանն ու Հայաստանը այս միջանցքը քող են համարում Ադրբեջանի տարածքային նկրտումների համար և հայտարարել են իրենց անհամաձայնությունը սահմանների ցանկացած փոփոխության կամ ինքնիշխանության իրավունքների խախտման նկատմամբ։
Իրանի և Հայաստանի այլընտրանքները
Չնայած Զանգեզուրի միջանցքին իրենց անհամաձայնությանը, Իրանն ու Հայաստանը դեմ չեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ ցամաքային կապին։ Այս առումով Իրանն առաջարկել է «Արաքսի միջանցքը», որը կապահովի այս կապը Իրանի տարածքով։ Մյուս կողմից, Հայաստանը փորձել է կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, որը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ցանց։ Բացի այդ, երկու երկրներն էլ աջակցում են խորհրդային դարաշրջանի երկաթուղային ցանցի վերածննդին, որը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում։
Համատեղ զորավարժության ռազմավարական ուղերձը
Իրան-Հայաստան համատեղ զորավարժությունները ոչ միայն ռազմական ցուցադրություն էին, այլև դրանք գործեցին որպես քաղաքական ազդանշան։ Մինչ Իրանին հարավից սպառնում են Իսրայելն ու Միացյալ Նահանգները, իսկ Անկարան ու Բաքուն ռազմավարական ձեռքբերումներ են ունեցել հյուսիսում, Թեհրանը ցույց է տալիս, որ չի հանդուրժի իր տարածքային կամ տարանցիկ շահերի նկատմամբ ոտնձգությունը։ Այս զորավարժությունը և այլընտրանքային ծրագրերը, ինչպիսին է «Արաքսի միջանցքը», հստակ ուղերձ են հղում Իրանի պահանջների մասին՝ սահմանների նկատմամբ հարգանքի և Հարավային Կովկասի «բալկանացման» կանխարգելման վրա հիմնված տարածաշրջանային կարգի վերաբերյալ։
Աղբյուր՝ The Cradle լրատվական-վերլուծական կայք