Իրանը հալալ սննդամթերք է արտահանում 110 երկիր
Իրանը հաջողությամբ արտահանել է իր հալալ սննդամթերքը աշխարհի 110 երկրներ։ Այս ապրանքները հատկապես լավ ընդունելության են արժանացել Մալայզիայի, Սինգապուրի, Պարսից ծոցի երկրների և Հյուսիսային Աֆրիկայի շուկաներում։
Իրանի որակի և ստանդարտների տեսչության մարքեթինգային հետազոտությունների ղեկավար Քիյումարս Յաղմային հայտարարել է, որ այս արտահանման հիմնական ուղղություններն են Իրաքը, Թուրքիան, ԱՄԷ-ն, Աֆղանստանը, Ռուսաստանը և որոշ եվրոպական երկրներ։ Նա հավելել է. «Չնայած անցյալում սննդամթերքի մաքսանենգությունը խոչընդոտել էր ներքին շուկայի և արտահանումների աճը, սակայն վերահսկողության ուժեղացումը և ներքին արտադրության ամրապնդումը բարելավել են իրանական ապրանքանիշերի դիրքը»։
Յաղմայիի խոսքով՝ նոր շուկաներ մուտք գործելը բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝ շուկաներում բավարար հետազոտության բացակայությունը, սննդի չափանիշների տարբերությունները, համաշխարհային ապրանքանիշերի հետ մրցակցությունը, և ծախսերը կրճատելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց. «Իրանական ընկերությունները պետք է հաղթահարեն այս խոչընդոտները՝ ուշադիր հետազոտությունների և խելացի ռազմավարությունների մշակման միջոցով»։
Իրանի անդամակցությունը այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը և BRICS-ը, կարող է հիմք հանդիսանալ սննդամթերքի արտահանման զարգացման համար։Յաղմային նշել է. «Այս դաշինքներում առևտրային արգելքների նվազեցումը լավ հնարավորություն է ընձեռում իրանական արտադրանքը տարածաշրջանային և Կենտրոնական Ասիայի շուկաներ ներկայացնելու համար»։
Այս զարգացումների հետ միաժամանակ Թեհրանում մեկնարկել է «Իրան Էքսպո» ցուցահանդեսը, որին մասնակցում են 110 երկրների ներկայացուցիչներ։ Այս միջոցառումը արժեքավոր հնարավորություն է Իրանի սննդի արդյունաբերության կարողությունները ներկայացնելու համար։