Մեկնաբանություն - Իրանն ընդգծում է արդար և հավասարակշռված միջուկային համաձայնագրի հասնելու անհրաժեշտությունը
Իրանի և Միացյալ Նահանգների միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունները սկսվել են ապրիլի 12-ին: Բանակցությունների երկրորդ և երրորդ փուլերը կայացել են ապրիլի 19-ին և 26-ին: Չորրորդ փուլը նախատեսված էր մայիսի 3-ին, սակայն Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ Բուսաիդին հայտարարել է. «Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է՝ լոգիստիկ խնդիրների պատճառով»:
Նա նշել է․ «Բանակցությունների նոր ամսաթիվը կհայտարարվի կողմերի հետ համաձայնեցվելուց հետո»։
Օմանի արտաքին գործերի նախարարը և սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել են, որ բանակցությունների հետաձգման պատճառը լոգիստիկ և տեխնիկական խնդիրներն են, սակայն ամերիկյան կողմը դեռևս մեկնաբանություններ չի արել այս հարցի վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ «եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է միայն խաղաղ միջուկային էներգիա ունենալ, ապա իրավունք չունի ուրան հարստացնել և պետք է ներմուծի հարստացված ուրան»։
Այս հայտարարությունը վկայում է Թրամփի վարչակազմի պաշտոնյաների շրջանում Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ հակասական կարծիքների մասին։ Մինչ այժմ Ուիթաքերը, որն Իրանի հետ անուղղակի բանակցություններում գլխավորում է ԱՄՆ պատվիրակությունը, չի հայտարարել, թե Իրանը իրավունք չունի հարստացնել ուրան։
Բանակցությունների երեք փուլից հետո ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ամերիկյան կողմը մինչ օրս որևէ անհիմն պահանջ չի ներկայացրել։ Հարկ է նաև նշել, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցություններին զուգահեռ, ԱՄՆ կառավարությունը մի քանի անգամ նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ։ Ամենավերջին պատժամիջոցը սահմանվել է չորեքշաբթի օրը։
Բանակցություններին զուգահեռ նոր պատժամիջոցների կիրառումը հստակ վկայում է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ կառավարության թշնամական մոտեցումը, որը դրսևորվում է առավելագույն ճնշման քաղաքականության տեսքով, շարունակվում է։
Հինգշաբթի օրն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային անդրադարձավ ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամական, անօրինական և անմարդկային քաղաքականության շարունակականությանը՝ երկրի դաժան պատժամիջոցները որակելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և կանոնների, այդ թվում՝ մարդու իրավունքների չափանիշների խախտում, և զգուշացրեց, որ ԱՄՆ-ի հակասական վարքագծի հետևանքները կկրի հենց այդ երկիրը։
Չնայած միջուկային բանակցությունների վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների շարունակական թշնամական մոտեցմանը և հակասական դիրքորոշումներին, Աբբաս Արաղչին նշել է. «Բանակցային լուծման հասնելու Իրանի վճռականության մեջ որևէ փոփոխություն չի եղել»։ Մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում. այնպիսի համաձայնագրի, որը կապահովի պատժամիջոցների վերացումը և վստահություն կներշնչի, որ Իրանի միջուկային ծրագիրը հավերժ կմնա խաղաղ, միաժամանակ ապահովելով, որ մեր երկրի իրավունքները լիովին հարգվեն»։
Այս հայտարարությունն ամենից շատ արտահայտում է Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ազգային շահերը միջազգային ճնշումներից, մասնավորապես՝ ամերիկյան ճնշումներից։ Մի կողմից, Իրանի չի զիջի ճնշումներին, իսկ մյուս կողմից՝ կստանա երաշխքիներ՝ իր միջուկային իրավունքների վերաբերյալ։
Ի վերջո պետք է ասել, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պետք է նկատի ունենան, որ ցանկացած նոր ճնշում կամ պատժամիջոց կարող է հանգեցնել անվստահության և համագործակցության բացակայության։ Հետևաբար, բանակցությունների համար դրական և վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է։