ԱՄՆ-ի սպառնալիքները և Թեհրանի գործընկերների նկատմամբ ճնշումներն անընդունելի են. Իրանի ԱԳՆ
(last modified Sat, 03 May 2025 07:46:17 GMT )
Մայիս 03, 2025 11:16 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի սպառնալիքները և Թեհրանի գործընկերների նկատմամբ ճնշումներն անընդունելի են. Իրանի ԱԳՆ

Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի սպառնալիքները, ինչպես նաև իր գործընկերների վրա Վաշինգտոնի ճնշումը։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ Իրանից նավթ և նավթամթերք գնողների նկատմամբ կկիրառվեն կրկնակի պատժամիջոցներ՝ նրանց թույլ չեն տա բիզնես վարել Վաշինգտոնի հետ:

«Իրանը չի հանդուրժի սպառնալիքներով և ճնշումներով մոտեցումները, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին և ուղղված են Իսլամական Հանրապետության ազգային շահերը վնասելուն։ Իրանը վճռականորեն դատապարտում է առևտրատնտեսական գործընկերների նկատմամբ անօրինական պատժամիջոցներն ու ճնշումները՝ դա համարելով ևս մեկ նշան այն բանի, որ Իրանի ժողովուրդն իրավունք ունի խորը կասկածով և անվստահությամբ վերաբերվել դիվանագիտական ճանապարհով իրանական միջուկային խնդիրը լուծելու ԱՄՆ մտադրությունների լրջությանը»,-ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փաթեթը սահմանվել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների և Իսլամական Հանրապետության նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացման ֆոնին:

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ն Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի ղեկավարության դեմ: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: