ՄԱԿ-ը բարձր է գնահատել պատժամիջոցների պայմաններում Իրանի կողմից փախստականներին ծառայությունների մատուցումը
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը բարձր է գնահատել պատժամիջոցների պայմաններում Իրանի կողմից առողջապահության, կրթության և զբաղվածության ոլորտներում փախստականներին ծառայությունների մատուցումը։
Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդիի հետ հանդիպմանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին բարձր է գնահատել տարբեր, այդ թվում՝ առողջապահության, կրթության և զբաղվածության ոլորտներում փախստականներին իրանի կողմից մատուցվող ծառայությունները։
Նա նշել է․ «Պատժամիջոցների պայմաններում Իրանի այս ծառայությունները շատ արժեքավոր են»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարը հանդիպմանն ընդգծել է. «Փախստականների առողջության պաշտպանությունը միջազգային պատասխանատվություն է, որը, իհարկե, չպետք է կրի միայն ընդունող երկիրը»։
Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդին հավելել է. «Փախստականներ ընդունող երկրների, մասնավորապես՝ Իրանի համար պետք է մշակվեն և ամրապնդվեն համաշխարհային մասշտաբով համապատասխան ֆինանսական և գործառնական մեթոդներ»:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մոտ ապագայում նախատեսում է այցելել Թեհրան։
Իրանն աշխարհում ամենամեծ թվով փախստականներին ընդունող երկրներից է և, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին և տնտեսական մարտահրավերներին, նրանց լայնածավալ ծառայություններ է մատուցում։
ՄԱԿ-ի պաշտոնյաները բազմիցս նահատել են Իրանի կողմից փախստականներին մատուցվող ծառայություններն ընդգծելով, որ Իրանը բացել է իր դպրոցները, համալսարանները, հիվանդանոցները և սահմանները փախստականների համար, որպեսզի նրանք օգտվեն բոլոր այն հնարավորություններից, որ առկա են ԻԻՀ քաղաքացիների համար։
Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարը մեկնել է Ժնև՝ մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության 78-րդ Գլխավոր ասամբլեային։
ԱՀԿ 78-րդ ամենամյա Առողջապահության համաշխարհային վեհաժողովն անցկացվում է «Մեկ աշխարհ՝ առողջության համար» կարգախոսով, և Իրանի առողջապահական համակարգի բարձրաստիճան պատվիրակությունը՝ առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարի գլխավորությամբ, մասնակցում է վեհաժողովին։
Վեհաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել աշխարհում առողջապահության ոլորտում առաջնահերթ խնդիրները։