Մեկնաբանություն - Որո՞նք են Իրանի պատկերացրած նոր տարածաշրջանային կարգի բնութագրերը
ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի կայքում հրապարակված հոդվածում ներկայացրել է նոր տարածաշրջանային կարգը՝ Իրանի տեսանկյունից։
Նոր կարգը ներառում է մի քանի կարևոր առանձնահատկություններ։
Առաջին առանձնահատկությունն այն է, որ այս կարգը պետք է ընդգծի ազգային ինքնիշխանության սկզբունքը՝ միջտարածաշրջանային տերություններից կախվածության փոխարեն։ Վերջին տասնամյակներում արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, մեծացրել են իրենց ազդեցությունն Արևմտյան Ասիայում, և միջամտել տարածաշրջանի ներքին գործերին։ Այս միջամտությունն այնքան մեծ է եղել, որ այդ երկրները դերակարարություն են ունեցել անգամ տարածաշրջանի երկրների ղեկավարներին նշանակելու գործում։ Դրա հիմնական պատճառներից մեկը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի թուլությունն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը շեշտը դնում է, և վերջին տարիներին տարածաշրջանի մյուս երկրների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի մոտեցման մեջ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում երկրների ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը և տարածաշրջանից դուսր գտնվող երկրներից կախվածության հաղթահարումը։
Իրանի տեսանկյունից՝ տարածաշրջանային նոր կարգի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ համապարփակ համագործակցությունը կփոխարինի փխրուն դաշինքներին։ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների և այլ երկրների միջև համապարփակ համագործակցությունը հազվադեպ երևույթ է։ Դա նպաստել է արտատարածաշրջանային տերությունների միջամտությանը, ինչի հետևանքով տարածաշրջանում քաոսային իրավիճակ է ստեղծվել, մեծ ծախսեր պարտադրելով տարածաշրջանի երկրներին։
Տարածաշրջանային երկրների, և դրանից դուրս երկրների միջև փխրուն դաշինքները անվտանգություն և կայունություն չեն բերել երկրներին և Արևմտյան Ասիայի տարածաշրջանին։ Փխրուն դաշինքները երկրների միջև համապարփակ համագործակցությամբ փոխարինելը, մի կողմից կարող է ավելի մեծ կայունություն և անվտանգություն բերել տարածաշրջանին, իսկ մյուս կողմից՝ նվազեցնել երկրների ռազմական և անվտանգության ծախսերը, ինչպես նաև կանխել տարածաշրջանի հարստության թալանը արևմտյան տերությունների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների կողմից։
Իրանի պատկերացրած նոր տարածաշրջանային կարգի երրորդ առանձնահատկությունն այն է, որ միայն անվտանգության վրա կենտրոնանալու փոխարեն, առաջնահերթությունը պետք է տրվի տնտեսական զարգացմանը։ Ըստ էության, քաղաքականության և իշխանության, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ զուտ անվտանգության վրա հիմնված տեսակետը հանգեցնում է նրան, որ տարածաշրջանի երկրները չեն զարգանում, քանի որ չեն օգտվում իրենց հնարավորություններից և միմյանց հետ հարաբերությունների առավելություններից։ Իսկ քաղաքականության և իշխանության զարգացմանը միտված տեսակետը կարող է հող նախապատրաստել երկրների հետագա առաջընթացի, բարգավաճման և զարգացման համար։ Զարգացմանը միտված հեռանկարը կբարձրացնի երկրների միջև համագործակցությունը և հարաբերությունները և երկու կողմերն էլ կշահեն այդ հարաբերություններից։
Չորրորդ առանձնահատկությունն այն է, որ այն երաշխավորում է կոլեկտիվ անվտանգություն՝ արտաքին խաղացողների կողմից պարտադրված շրջանակների փոխարեն։ Արտաքին խաղացողների կողմից պարտադրված շրջանակը հիմնված է «բաժանիր, որ տիրես» սկզբունքի վրա։ Այս շրջանակը հակասում է երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև առաջընթացին և զարգացմանը։ Սա այն դեպքում, երբ կոլեկտիվ անվտանգությունը մի կողմից թույլ կտա հաշվի առնել տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը, իսկ մյուս կողմից՝ ավելի վստահության հիմք կդառնա և, արդյունքում, երկրներն ու տարածաշրջանն ավելի մեծ զարգացման ու առաջընթացի ականատես կդառնան։