Բացահայտեք Իրանը- Ինչո՞ւ ճանապարհորդել Իրանի Խուզեստան նահանգ
-
Շուշ հնավայր
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգն իր հնագույն պատմությամբ, հարուստ մշակույթով և հնավայրերով, գրավիչ վայր է զբոսաշրջիկների համար։ Այն հարավից սահմանակից է Պարսից ծոցին, արևմուտքից՝ Իրաքին, հյուսիսից՝ Լոռեստան և Իլամ նահանգներին, արևելքից՝ Չահարմահալ-ե Բախտիարի, Կոհգիլույե և Բոյեր-Ահմադ նահանգներին։ Նահանգի կենտրոնն Ահվազ քաղաքն է։
Pars Today-ի այս հոդվածը ներկայացնում է Իրանի Խուզեստան նահանգի զբոսաշրջային տեսարժան վայրերը և այս նահանգ այցելելու պատճառները։
Պատմություն
Խուզեստանն Իրանի ամենահին շրջաններից է, որը թվագրվում է մ.թ.ա. 5-րդ հազարամյակով։ Այս տարածաշրջանը հին ժամանակներում հայտնի էր որպես էլամական քաղաքակրթության կենտրոն։ Էլամների մայրաքաղաք Շուշ քաղաքը գտնվում էր Խուզեստանում։ Դեհխոդայի բառարանում Խուզեստան նշանակում է «երախտապարտ շրջան»։ Ռուս արևելագետ և իրանագետ Վլադիմիր Ֆյոդորովիչ Մինորսկին նույնպես կարծում է, որ Խուզեստան անվանումը ծագում է էլամական Խուզի ցեղից։

Պատմության, բնության և մշակույթի համադրություն
Խուզեստանը մի վայր է, որտեղ համադրվում են պատմությունը, բնությունը և մշակույթը։ Խուզեստանն Իրանի արևադարձային շրջաններից է և համարվում է աշխարհում քաղաքակրթության ծնունդ տված առաջին շրջաններից մեկը։

Չողա Զանբիլ զիկկուրատ
Խուզեստանում է գտնվում Իրանի ամենակարևոր հնավայրերից մեկը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դա Չողա Զանբիլ զիկկուրատն է, որն ունի ավելի քան 3000 տարվա վաղեմություն։ Չողա Զանբիլ նշանակում է «զամբյուղաձև բլուր»։ Այն աշխարհի ամենամեծ զիկկուրատներից մեկն է և կառուցվել է էլամյական դարաշրջանում՝ աստվածներին երկրպագելու համար։ Զիկկուրատի բարձր ու հսկայական աշտարակը գտնվում է անապատների և արմավենիների պուրակների մեջ, և դրա յուրահատուկ ու հոգևոր միջավայրը այցելուներին տարօրինակ զգացողություն է պարգևում։ Այս վայր այցելած զբոսաշրջիկները հայտնվում են պատմական ճանապարհորդության մեջ:

Շուշթարի ջրային կառույցներ
Խուզեստան նահանգի Շուշթարի ջրային կառույցները ոռոգման համակարգերի և ջրաղացների համադրություն են, որոնք թվագրվում են Սասանյանների դարաշրջանով (224-ից 651 թվականներ): Այս պատմական համալիրը ներառում է ջրանցքներ, կամուրջներ, ջրաղացներ և արհեստական ջրվեժներ, որոնք հազարավոր տարիներ անց շարունակում են գործել։ Կառույցները զարմանալի են և եզակի իրենց տեսակի մեջ՝ գյուղատնտեսության և առօրյա կյանքի համար ջուրն օգտագործելու խելացի նախագծման շնորհիվ։ Համալիրը գտնվում է բնության մեջ և այս տեսարժան վայրը այցելելը, բացի երկրի ճարտարագիտության պատմությանը ծանոթանալուց, հնարավորություն է նաև վայելել շրջակա գեղեցիկ տեսարանները։

Շուշթարի համալիրը 2009 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Իսրայելացիների մարգարեներից Դանիել մարգարեի գերեզմանը
Նահանգի մյուս պատմական հուշարձանը Դանիել մարգարեի դամբարանն է, որը նույնպես գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Շինության գեղեցիկ և յուրօրինակ զարդարանքներն ու սալիկապատումը տեսնելու նպատակլով, մեծ թվով իրանցի և օտարերկրյա զբոսաշրջիկների ամեն տարի այցելում են այս վայրը։ Զբոսաշրջիկների ուշադրությունմառաջին հերթին գրավում են դրա տասը մետրանոց մինարեթները։

Շուշի հնավայր
Իրանի և աշխարհի ամենահին բնակավայրերից մեկը՝ Շուշը, գտնվում է Խուզեստան նահանգում։ Քաղաքը թվագրվում է մ.թ.ա. մոտ 4000 թվականով, չնայած կան վկայություններ տարածքում բնակության մասին դեռևս մ.թ.ա. 7000 թվականից։ Այս հնավայրը, որի մակերեսը կազմում է մոտ 400 հեկտար, գտնվում է Կարխե և Դեզ գետերի միջև ընկած տարածքում։ Շուշը ներառում է տարբեր պատմական ժամանակաշրջանների շենքեր և կառույցներ՝ նախապատմականից մինչև իսլամական ժամանակներ։ Դրանց թվում են Ապադանա պալատը, Շավուր պալատը, Արևելյան դարպասը, Հադիշը, 15-րդ քաղաքը, Աքեմենյան գյուղը, Շուշի Մ մզկիթը, իսլամական ժամանակաշրջանի շենքերի համալիրը, Ակրոպոլիսի բլուրները և ֆրանսիական ամրոցը։

Հոր-ալ-Ազիմի ճահճուտ
Իրան-Իրաք սահմանին գտնվող Հուր ալ-Ազիմ ճահճուտը, որը հայտնի է նաև որպես Հուր ալ-Հուվեյզ, Իրանի ամենամեծ ճահճուտներից մեկն է և բազմաթիվ չվող թռչունների հիմնական բնակավայրը։ Խուզեստանի Մեծ լիճը լի է գույներով և կյանքով, հատկապես գարնանը և աշնանը։ Լճով կարելի է անցնել փոքր նավակներով և վայելել դրա եզակի և հանգստացնող տեսարանները։ Բացի այդ, տարածաշրջանի մեղմ օդը և խոնավությունը, ինչպես նաև խիտ բույսերն ու ծառերը, այս ճահճուտին հաղորդում են յուրահատուկ գեղեցկություն։ Որպես ազգային պարկ, Հոր ալ-Ազիմի ճահճուտը հրաշալի վայր է թե՛ բնության սիրահարների, թե՛ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար։

Իրանի Աբադան քաղաքը, որը հայտնի է որպես Իրանի Բրազիլիա, Խուզեստան նահանգի կենտրոնական քաղաքներից մեկն է։ Այն զբաղեցնում է ավելի քան 12 հազար քկմ տարածք և գտնվում է Զագրոս լեռների հարավային լանջերին։ Աբադանը, որպես շատ հին պատմություն ունեցող քաղաք, անցյալում առանձնահատուկ նշանակություն է ունեցել և համարվել է այլ քաղաքների ու երկրների հետ առևտրի կենտրոն։ Աբադանի բնակիչները հատուկ հետաքրքրություն ունեն ֆուտբոլի նկատմամբ և իրենց քաղաքն անվանում են Իրանի Բրազիլիա։ Քաղաքի «Սանաթ Նավթ Աբադան» ֆուտբոլային թիմի համազգեստը դեղին է, ինչպես Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համազգեստը, և երկրպագուները մարզադաշտ են գնում բրազիլական դրոշներով՝ իրենց թիմին աջակցելու համար։
