Քանի՞ երկիր են արտահանվում իրանական բժշկական սարքավորումները
Իրանում արտադրված բժշկական սարքավորումներն արտահանվում են աշխարհի ավելի քան 60 երկրներ։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահի գիտության հարցերով տեղակալ Հոսեյն Աֆշինը՝ հունիսի 9-ին, Թեհրանում, 26-րդ միջազգային Iran Health ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։
Աֆշինն ասել է, որ իրանական բժշկական սարքավորումներն արաժանացել են ներքին և արտասահմանյան բժշկական հանրության վստահությանը՝ շնորհիվ իրենց բարձր որակի, անվտանգության և դիմացկունության։ Նա այս սարքավորումների արտահանումը համարել է երկրի գիտահենք արդյունաբերության կարևոր նվաճումներից մեկը և ընդգծել, որ իրանցի ականավոր բժիշկների կողմից այդ սարքավորումների կիրառումը վկայում է ներքին արտադրության բարձր չափանիշների մասին։
Աֆշինի խոսքով՝ նորարարությունը և տեխնոլոգիական աջակցությունը երկրում բժշկական սարքավորումների արդյունաբերության զարգացման հիմնական հենասյուներն են։ Նա հավելել է. «Իրանն ունի առողջապահության և բուժման ոլորտում ակնառու կարողություններ, որոնք կարող են դեր խաղալ համաշխարհային մակարդակով»։
Iran Health 26-րդ միջազգային ցուցահանդեսը բացվել է հունիսի 7-ին և կտևի մինչև հունիսի 10-ը։ Այն ընթանում է Թեհրանի մշտական ցուցահանդեսային կենտրոնում և հյուրընկալել է աշխարհի 20 երկրների ներկայացուցիչների։ Այս ցուցահանդեսը համարվում է տարածաշրջանի ամենամեծ առողջապահական ցուցահանդեսներից մեկը։