Իրանը կշարունակի ուրանի հարստացումը․ Դիվանագիտությունն ուշադրության կենտրոնում է
(last modified Fri, 04 Jul 2025 06:39:37 GMT )
Հուլիս 04, 2025 10:09 Asia/Tehran
  • Իրանը կշարունակի ուրանի հարստացումը․ Դիվանագիտությունն ուշադրության կենտրոնում է

Քաղաքական հարցերով ԻԻՀ փոխարտգործնախարար Մաջիդ Թախթռավանչին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը կշարունակի հարստացնել ուրանը, չնայած ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությանը միջուկային օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակումներից հետո։

Նա նաև ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակելու դիվանագիտության ուղին և ներկայացրել է բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ պայմանները։

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո, որոնք, ըստ իրանցի պաշտոնյաների, լուրջ վնաս են հասցրել միջուկային ծրագրին, Թախտ Ռավանչին այս հարցազրույցում ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումները։ Ափսոսանք հայտնելով Վաշինգտոնի հետ բանակցությունների ընթացքում Իսրայելի հարձակումների կապակցությամբ և խոսելով ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի անվստահության մասին, Թախթռավանչին ասել է ․ «Ինչպե՞ս կարող ենք վստահել ամերիկացիներին»։

Փոխնախարարը նշել է, որ Իրանը չի պատրաստվում դադարեցնել ուրանի հարստացումը և իրեն վերապահում է գործընթացը շարունակելու իրավունքը։

Նրա խոսքով․ «Հարստացման առումով մեր քաղաքականությունը չի փոխվել։ Իրանն ունի բոլոր իրավունքները՝ հարստացնելու ուրանը իր տարածքում»։

Մաջիդ Թախթռավանչին հավելել է, որ Իրանը պատրաստ է այլ երկրների հետ քննարկել իր հարստացման ծրագրի ծավալն ու հզորությունը։

Փոխնախարարը հարցազրույցում հստակ նշել է, որ Իրանը ձգտում է պահպանել իր իրավունքները ուրանի հարստացման ոլորտում՝ միաժամանակ բաց պահելով դիվանագիտության դռները։ Նա ասել է, որ բանակցությունների շարունակման հիմնական պայմանը Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժի չկիրառումն է՝ հավելելով. «Սա մեր ղեկավարության համար բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ որոշում կայացնելու հիմնական նախապայմանն է»։

Հաշվի առնելով միջուկային բանակցությունների պատմությունը և 2018 թվականին միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը, Իրանի դիրքորոշումները արտացոլում են երկրի վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագիրը՝ միաժամանակ բաց պահելով դիվանագիտության դուռը։